
Բարաք Օբաման Վիկտորյա Նուլանդի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Վիկտորյա Նուլանդին առաջադրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Ասիայի հարցերով օգնականի պաշտոնում:
Ամենայն հավանականությամբ, հանրապետականները Սենատի լսումների ժամանակ մանրակրկիտ դիտարկելու են Նուլանդի թեկնածությունը: Վերջին շրջանում Նուլանդը հայտնվել էր սկանդալի կենտրոնում՝ կապված 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակման հետ:
Նուլանդն առաջարկել էր այդ մասին հրապարակավ հաշվետվությունից հանել հարձակմանն ահաբեկիչների մասնակցության մասը, ինչպես նաև պատրաստվող ահաբեկչությունների վերաբերյալ ԿՀՎ-ին արված զգուշացումների մասը՝ գտնելով, որ դա նախընտրական ժամանակաշրջանում կհարվածի Բարաք Օբամայի իմիջին:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպիտակ տունը ստիպված եղավ հրապարակել Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա հարձակման մասին ամերիկացի չինովնիկների նամակագրությունը՝ բաղկացած 100 էջից: