«Երբ մարդկանց ծեծում ես, պետք է թողնես մինչև վերջ լացեն». Գ. Սահակյանը՝ Զ.Փոստանջյանի մասին
«Բնական եմ համարում, երբ մարդկանց ծեծում ես, պետք է թողնես մինչև վերջ լացեն. երբ հանգստանան՝ կպատասխանեմ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի հնչած հայտարարությունները, որ Զարուհի Փոստանջյանի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար պետք է ներողություն խնդրի։
Գ. Սահակյանը կարծում է, որ իր խոսքերս դիպուկ էին ու տեղին: Ճշտող հարցին, թե Զարուհի Փոստանջյանից ներողություն չե՞ք խնդրելու, Գ. Սահակյանը հարցով պատասխանեց. «Աչքերիս մեջ նայելով եք ասո՞ւմ», ապա ավելացրեց, որ ինքը ես ներողամիտ է, բայց երբեք ներողություն չի խնդրում:
Ինչ վերաբերում է Լևոն Զուրաբյանի այսօրվա հայտարարությանը, թե «ինքը ուրախ է, որ զրոն այդքան հզոր է», Գ. Սահակյանը նշեց. «Որովհետև զրոյից առաջ, եթե թիվ ես դնում մի բան դառնում է, իսկ եթե հետո ես դնում, ոչինչ չի դառնում: Ես հետոյի մասին եմ խոսում»: Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք ինչպես Ռուբեն Հակոբյանն էր ասել՝ տղամարդավարի՞ է վիրավորել կնոջը, նա պատասխանեց. «Էնպես եք ասում վիրավորել՝ կարծես կրակել են: Ճղճղան, լպիրշ արտահայտություններ լիդերների հասցեին… կինը չպետք է իրեն այդպես պահեր: Բայց ես չեմ վիրավորել, ավելին՝ դրական խոսք եմ ասել՝ անվանել եմ առաքինի տիկին»:
Լրագրողներից մեկի հացին, թե ինչո՞ւ եք ձեր կատակներով խանգարում ԱԺ աշխատանքը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ձեզ էլ է պետք մտքի հեղափոխություն»: Անդրադառնալով Լ. Զուրաբյանի հայտարարությանը, թե Գ. Սահակյանը «տափակ շուլուխներով» կմնա պատմության մեջ, Գ. Սահակյանն ասաց. «Մեղք է, մեղք է Լևոնը»:
Հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Փոքր Մհերը դուրս կգա ժայռից, Գ. Սահակյանը նկատեց. «Փոքր Մհերը վաղուց ժայռից դուրս է եկել, մեզ մոտ է, պարզապես չենք ցուցադրում»: