Բաժիններ՝

Գազի նոր պայմանագիրը իրականում կնքվել է դեռ ապրիլի 1-ին

Գազի գնման պայմանագիր նոր սակագներով կնքվել է ապրիլի 1-ին: Այս մասին այսօր լրագողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը: Պարզվեց, որ գների հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը, և այդ փաստաթղթերի փաթեթում կա հղում, կցված է պայմանագիր, ըստ որի՝ գազի նոր գինը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսված: Իհարկե, հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին մայիսի 13-ին են իմացել: Բայց ակնհայտ է, որ եթե նոր պայմանագիրը ապրիլ մեկից է գործում, առնվազն մեկ ամիս առաջ այն կնքվել է: Գազի գնման պայմանագիր նոր սակագներով կնքվել է ապրիլի 1-ին»,- նշեց նա՝ ավելացնելով, որ Հայաստանի իշխանությունը, Կառավարությունը ստորագրել են գազի գնի թանկացման պայմանագիրը, բայց տեղյակ չեն պահել հասարակությանը, թաքցրել են հայ ժողովրդից:

Իսկ թե ինչո՞ւ է իշխանությունը նման կերպ վարվել, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Որովհետև տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրություններն ու նախընտրական շրջանում ինֆորմացիան թաքցվել է: Մենք անգամ սկսում ենք կասկածել, որ այդ ինֆորմացիան իշխանությանը, կառավարությանը հասու է եղել անգամ նախագահական ընտրություններից առաջ»:

Նա նշեց, որ իրականում կան անգամ շատ լուրջ հիմքեր հայտարարելու, որ սակագների բարձրացման գործարքը դեռ հոկտեմբերի 24-ին արդեն կնքված էր, կար պայմանավորվածություն՝ առնվազն ռուսական կողմի հետ: Ըստ ՀԱԿ պատգամավորի՝ իշխանությունը թաքցրել է այդ փաստը՝ նախագահական ընտրությունների վրա բացասական ազդեցությունը կանխելու համար: Իսկ սա, ըստ նրա, մախինացիա է, որի համար պետք է պատասխան տան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս