Թուրքիայի ռազմաօդային ուժերի 4 կործանիչ 40 րոպե գտնվել է Հունաստանի օդային տիրույթում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող 4 կործանիչ այսօր ներխուժել է Հունաստանի օդային տիրույթ, ուր գտնվել է 40 րոպե: Այս մասին հայտարարել է Հունաստանի Գլխավոր շտաբը:
Վերջինիս տվյալներով՝ թուրքական 4 կործանիչ՝ երկուական RF-4 և F-16, մտել են Աթենքի թռիչքների պատասխանատվության գոտում գտնվող Հարավային Սամոսի շրջան: Դա տեղի է ունեցել առավոտյան ժամը 08.43-ին: Կործանիչները գտնվել են 8000 ֆուտ բարձրության վրա և Հունաստանի օդային տիրույթը լքել են ժամը 09.23-ին՝ այնտեղ մնալով 40 րոպե:
Հիշեցնենք, որ թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր»:
Ի դեպ, 2010 թվականի հոկտեմբերի 20-ին թուրքական Milliyet թերթը գրեց, որ Հունաստանը միայն 2009 թվականին Էգեյան ծովի երկնքում մարտական ինքնաթիռների միջոցով Թուրքիայի դեմ իրականացրել է 1383 կանխարգելիչ գործողություն, որոնց վրա ծախսել է 25.620.000 եվրո:
Ընդհանուր առմամբ, 2000–2009 թվականներին Հունաստանի ռազմաօդային ուժերն իրականացրել են 19.888 այդպիսի կանխարգելիչ թռիչք, որոնց վրա հունական կողմը ծախսել է 447.5 միլիոն եվրո: Հունական կողմի տվյալներով՝ 2000–2009 թվականներին Թուրքիայի ռազմաօդային ուժերը 49.228 անգամ խախտել են իր օդային սահմանը: