2012 թվականին մարդու իրավունքների հարցը Հայաստանում. Amnesty İnternational
Amnesty İnternational (AI) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն այսօր հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակի մասին իր տարեկան զեկույցը: Զեկույցում արտացոլված է 2012 թվականին աշխարհի 159 երկրում մարդու իրավունքների վիճակը: Զեկույցի՝ Հայաստանին նվիրված հատվածում նշված է.
«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց նախագահ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը: Նախընտրական կամպանիայի ժամանակ ընդհանուր առմամբ չեն սահմանափակվել ազատ արտահայտվելը, ազատ հանրահավաքներ անցկացնելը և տեղաշարժեր իրականացնելը:
Սակայն դիտորդներն ընդգծել են, որ ամենուրեք իրականացվել է քվեների գնում, իսկ մի շարք ընտրատեղամասեր էլ ենթարկվել են ճնշումների: 2012 թվականին Հայաստանում ընդհանուր առմամբ չի սահմանափակվել ազատ արտահայտվելը:
Սակայն այնպիսի տեսակետ հայտնած մարդիկ, որը համարվել է ոչ հայրենասիրական կամ ազգային շահերին հակասող, հաճախ բախվել են հասարակության բացասական վերաբերմունքին, երբեմն նաև՝ բռնությունների: Մի շարք դեպքերում ոստիկանությունն ու տեղական իշխանություններն անտեսել են դրանք: Բացի այդ, իշխանություններն արժանիորեն չեն հետաքննել այդ միջադեպերը և ոչ մի անգամ պաշտոնապես չեն դատապարտել դրանք:
Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնելու փորձի ժամանակ քաղաքացիական հասարակության ակտիվիստները հարձակվել են դրա կազմակերպիչների վրա, և նրանք ստիպված են եղել երկու անգամ հետաձգել տվյալ միջոցառումը:
Ապրիլի 12-ին բողոքավոր ամբոխը Հայաստանի երկրորդ խոշոր քաղաք Գյումրիում շրջափակել է կինոփառատոնի անցկացման վայրը և հարձակվել է կազմակերպիչ Գեորգի Վանյանի վրա, որին հարկադրել են հրապարակավ հայտարարել փառատոնի փակման մասին:
Կինոփառատոնի իրականացման հաջորդ փորձը ձեռնարկվել է ապրիլի 16-ին, Վանաձոր քաղաքում գտնվող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակում, ինչը հանգեցրել է բողոքների ու անկարգությունների: Գրասենյակի առջև հավաքվել է մոտ 200 մարդ, այդ թվում նաև ուսանողներ, քաղաքական կուսակցությունների անդամներ և Ղարաբաղյան պատերազմի վետերաններ:
Նրանք ներխուժել են շենք, նետել են քարեր ու ձվեր, կոտրել են գրասենյակի տեխնիկան և վնասել են աշխատակիցներից մեկին: Ընդ որում, դրան ներկա ոստիկանները չեն միջամտել և չեն փորձել ապահովել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի աշխատակիցների անվտանգությունը և վերջ դնել այդ ամենին:
Մայիսի 8-ին մայրաքաղաք Երևանում հարձակման է ենթարկվել գեյ-բարը: Հեռուստախցիկները ֆիքսել են, թե ինչպես են երկու անհայտ մարդ մոլոտովյան կոկտեյլներ նետում բարի վրա: Առկա տեղեկություններով, ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել դրանից միայն 12 ժամ անց:
Անցկացրած հետաքննության ժամանակ ձերբակալվել է երկու երիտասարդ, որոնց սակայն հետագայում ազատ են արձակել «Դաշնակցություն» կուսակցության երկու պատգամավորի կողմից վճարած գրավի դիմաց: Նրանք երկուսն էլ արդարացրել են այդ հարձակումը՝ ընդգծելով, որ դա «համապատասխանել է հասարակական ու ազգային գաղափարախոսությանը»:
Տեղական թերթերը մեջբերել են «Հանրապետական» կուսակցության մամլո խոսնակ և խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերը, ով նույնպես հավանության է արժանացրել այդ հարձակումը:
Հոկտեմբերի 3-ին Կտտանքների նախազգուշացման եվրոպական կոմիտեն հրապարակեց 2011 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարած իր այցի արդյունքների վերաբերյալ զեկույցը: Դրանում ասվում էր, որ գործնականում չի կատարվել նախորդ այցերի ժամանակ տրված և ցմահ ազատազրկվածներին պահելու պայմանների վերաբերյալ և ոչ մի խորհուրդ:
Զեկույցում ընդգծվել է, որ երևանյան «Կենտրոն» բանտը՝ իր ոչ գոհացուցիչ պայմաններով, պիտանի չէ մարդկանց երկար ժամկետով կալանքի տակ պահելուն: Հանձնաժողովը եզրակացրել է, որ «Կենտրոն» բանտում ցմահ ազատազրկվածներին պահելու պայմանները հանդիսանում են անմարդկային վերաբերմունք:
2012 թվականի վերջի դրությամբ՝ զինծառայությունից գիտակցաբար հրաժարվելու համար բանտերում ազատազրկում էր կրում ավելի քան 30 մարդ: Այլընտրանքային զինծառայությունը նախկինի պես գտնվել է զինված ուժերի վարման մեջ:
Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կայացրեց Հայաստանի դեմ թվով չորրորդ որոշումը՝ կապված գիտակցաբար զինծառայությունից հրաժարվելու հետ և վճռեց, որ Հայաստանը խախտել է 17 Եհովայի վկաների իրավունքները («Խաչատրյանն ու մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» գործ):
ՄԻԵԴ-ը եկավ այն եզրակացության, որ խախտվել են Եհովայի վկաների ազատության ու անվտանգության իրավունքները, ինչպես նաև ապօրինի ձևով կալանքի տակ պահելու համար փոխհատուցում ստանալու իրավունքը:
Այդ անձանց դեմ քրեական գործեր են հարուցվել և նրանց ձերբակալել են այն բանից հետո, ինչ նրանք հրաժարվել են այլընտրանքային ծառայությունից, երբ հասկացել են, որ գտնվել են զինվորականների ենթակայության տակ»: