Բաժիններ՝

«Որդուս նկատմամբ կիրառվում է ապօրինություն հենց իրավապահների կողմից»

Գյումրիի բնակիչ Վարդիթեր Մաղաքյանը բողոքում է, որ իր որդու՝ Ազատ Մաղաքյանի նկատմամբ կիրառվում է բացահայտ ապօրինություն ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Այսօր առավոտյան նրանց բնակարան են ներկայացել ոստիկանները և ասել, որ Ազատ Մաղաքյանը ձերբակալված է եւ իրենց հետ պետք է ներկայանա ոստիկանության Գյումրու բաժին, իսկ այնուհետ հայտարարել են, որ մեկուսացնում են: «Հիմա տղայիս տանում են Հրազդան, ասում են, որ կալանավորված է, պիտի նստի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Վարդիթեր Մաղաքյանը:

Նա պատմել է, որ որպես պատճառ բերվում է այն, որ բանակում ծառայելու ամբողջ ժամանակահատվածում տղան՝ Ազատ Մաղաքյանը, 7-ժամյա անհարգելի բացակայություն ունի:

«Խոսքը մի օրվա մասին չէ, ասենք` կես ժամ, մեկ ժամ, սաղ գումարել են իրար էդ տարիների ընթացքում ու գտել են, որ 7 ժամ «սամավոլկա» ունի, բայց տղաս արդեն մեկ տարի է` «վայեննի» գրքույկը ստացել է, տուն է վերադարձել, մեկ տարի հետո ընչի՞ են հիշել, բացի դրանից, մինչեւ գրքույկը ստանալը, նա արդեն դրա համար պատասխանատվության ենթարկվել է, հա´մ ավել 3 ամիս ծառայել է, հա´մ էլ նստացրել են, դատ են արել, որոշել են բաց թողնել, մեկ տարի հետո հիշելու իմաստը չեմ հասկանում»,- բողոքում է Վարդիթեր Մաղաքյանը:

Մայրը ասում է, որ հենց հիմա իր ձեռքին է որդու ե´ւ զինվորական գրքույկը, ե´ւ նաեւ անձնագիրը, բայց որդուն տանում են` առանց բացատրություն տալու: Այս մասին նա գրել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանին, այլ բարձրաստիճան ղեկավարների, բայց պատասխան չի ստացել: Նա նաեւ վճարունակ չէ, որ կարողանա փաստաբան վարձել, իսկ հանրային պաշտպանները, մոր խոսքերով, չեն կարողանում նորմալ պաշտպանել:

«Բանակում «սամավոլկայի» համար իրան դատ չէր հասնի, բայց դատ արեցին, նստեցրեցին երեք ամիս մեկուսարան, դրան գումարած` երեք ամիս ավելի պահեցին ծառայության: 2011-ի նոյեմբերին տուն պտի գար, բայց մինչեւ 2012-ի հունվար ծառայել է, ծառայությունից հետո մինչեւ մայիս՝ երեք ամիս նստեցրին: Անցած տարի ճիշտ այս օրը՝մայիսի 23-ին, «բիլետը» ձեռքը տուն մտավ, հմի ուղիղ մեկ տարի անց տարան, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, ոչ ոք ոչինչ չի ասում, այ քեզ խայտառակություն…»:

Վարդիթեր Մաղաքյանն ասաց նաեւ, որ որդին ծառայել է Վանաձորում, իսկ անցած դատական նիստերը եղել են Վանաձորում: Նա պատրաստվում է նամակներ հասցեագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ոստիկանապետին և ՊՆ Սեյրան Օհանյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս