Տիգրան Սարգսյանը՝ խոշորներին գլխից բռնելու մասին. Մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամից

ԱԺ-ում Կառավարության գործունեության ծրագիրը հաստատելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է լրագրողների որոշ հարցերի: Նախ` նա հայտնել է, որ ընդդիմության քննադատություններին նորմալ է վերաբերվում, սակայն մեծամասամբ այն չի ընդունում: ԳԱԼԱ-ի լրագրողը որոշ հարցեր է ուղղել Տիգրան Սարգսյանին:

Հարցին՝ Սերժ Սարգսյանի հորդորը` մեծերի գլխից բռնելու, ուժի մե՞ջ է, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Մեր անկախ պետականության տարիների գործունեությունը, եթե վերլուծենք, ապա կտեսնենք, որ վերջին հինգ տարիների ընթացքում լրջագույն քայլեր են կատարվում: Եվ մենք սկսել ենք մեզանից, մեր կուսակցության անդամից, բարձր պաշտոն զբաղեցնող անձից, և բացահայտվել են այդ մարդու կատարածները և այսօր նա ձերբակալված է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Դիտարկմանը, թե միայն Վազգեն Խաչիկյանով ե՞ք սահմանափակվելու, վարչապետն ասել է. «Կան այլ բարձրաստիճան անձիք, և այդ բոլոր տեղեկատվությունները հրապարակվում են, իրավապահ դատական համակարգերում բազմաթիվ բարձրաստիճան անձինք կրում են պատասխանատվություն, և այս անձինք կբացահայտվեն, և նախագահի հանձնարարականը մենք կատարում ենք»:

Հաջորդ հարցին, թե այս տարիների ընթացքում Ձեր անձնական միջոցները կտրուկ աճել են, Տիգրան Սարգսյանը տվել է հետևյալ պատասխանը. «Իմ եկամուտները կտրուկ չեն աճել»: Դիտարկմանը, թե մամուլում այդ մասին ևս հրապարակումներ եղան, Տիգրան Սարգսյանը փորձել է խուսափել հարցից և հեռանալ` ասելով. «Ասում եմ` կտրուկ չի աճել, աճել են այնքանով, որքանով իմ բանկային տոկոսադրույքով եկամուտներ են բերում»:

ԳԱԼԱ-ն Տիգրան Սարգսյանից հետաքրքվել է նաև, թե չի կարծում, որ Կառավարությունը իրեն ձախողել է և պետք է հրաժարական ներկայացնի: Տիգրան Սարգսյանն ասել է, որ համաձայն չէ այդ տեսակետների հետ:

Տեսանյութեր

Լրահոս