Բաժիններ՝

Ովքեր են գոհ մնալու Տիգրան Սարգսյանի Արմավիր կատարած այցից

Քիչ առաջ ավարտվեց Արմավիրի մարզպետարանում գրեթե երեք ժամ տևած խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Խորհրդակցությանը, ինչպես հայտնի է՝ ներկա էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի մարզի 46 գյուղապետերը և մայիսի 18-ին Երևան-Արմավիր մայրուղին փակած ակտիվիստ գյուղացիները:

168.am-ի թղթակից հետ զրույցում գյուղացիներն ասել են, որ կառավարության ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ այս տարվա համար գյուղացիների հողի և ոռոգման ջրի վարձ չի գանձվելու: Երկրորդ՝ մեկ տարի ժամկետով սառեցվելու են կարկտահարության հետևանքով տուժած գյուղերի բնակիչների ստացած վարկերը (մայր գումարի և տոկոսավճարների): Կառավարության անդամները նաև գյուղացիներին տեղեկացրել են, որ Գյուղնախարարությունը գյուղացիների օգնության նպատակով հիմնադրամ է ստեղծել, որին պետք է գործարարները գումարներ փոխանցեն, ինչն էլ կբաժանվի առավել վատ վիճակում գտնվող գյուղացիների միջև:

Չնայած այս խոստումներին, գյուղացիների մոտ դարձյալ անպատասխան հարցեր են մնացել:

Օրինակ, այն գյուղացիները, որոնք չեն կարողացել գյուղատնտեսական վարկեր վերցնել, փորձել են դա անել այլ տիպի վարկերի անվան տակ, կամ՝ նրանցից շատերն ասում էին, որ իրենք տարբեր խանութներից պարտքով դիզվառելիք և պարարտանյութեր են վերցրել՝ մտածելով, որ բերքատվությունից հետո այն կմարեն, ու հիմա չեն հասկանում, թե ինչպես է կառավարությունը փոխհատուցելու այն:

Չնայած այս ամենին՝ արձանագրեք, որ այսօր Արմավիրի մարզ այցելելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը հաջողվել է լուծել ամենագլխավոր հարցը: Ինչպես հայտնի է՝ մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցելի Սարդարապատի հուշահամալիր, և գյուղացիները հայտարարել էին, որ այդ օրը իրենք փակելու են փողոցը, որպեսզի կարողանան անձամբ հանդիպել Սերժ Սարգսյանին:

Բայց գյուղացիները այսօր խոստացել են, որ չեն փակելու Սերժ Սարգսյանի ճանապարհը: Փաստորեն Տիգրան Սարգսյանը, ըստ էության, կատարել է իր առաքելությունը. գյուղացիները կարող է գոհ չմնալ Տիգրան Սարգսյանից, բայց այն, որ Սերժ Սարգսյանը գոհ կլինի Տ. Սարգսյանի Արմավիր կատարած այցից՝ ակնհայտ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս