Բաժիններ՝

Գյուղացիության սոված բունտն ու հայկական պետականության խայտառակությունը

Մամուլը գրում է, որ մայիսի 20-ին Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած համայնքների գյուղացիները 5 ժամ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը: Սա ոչ թե թյուրիմացություն է, այլ բացահայտ սուտ. իրականում մայրուղին փակել են Ոստիկանության աշխատակիցները, իսկ բողոքավոր գյուղացիներն ընդամենը հավաքվել են ոստիկանական բլոկ-պոստի մոտ:

Գյուղացիներն իրենց բողոքը հայտնելու համար սկզբում հավաքվել են Արմավիրի մարզպետարանի մոտ, և հերթական անգամ համոզվելով, որ Արմավիրի մարզպետն իրենց ասելու բան չունի և  չի կարող իրենց խնդիրներին լուծում տալ, որոշել են բողոքի ակցիան շարունակել Երևանում՝ կառավարության շենքի դիմաց: Ոստիկանության աշխատակիցներն էլ՝ արմավիրցիներին Երևան չթողնելու և իշխանությանը գյուղացիությունից ազատելու համար, փակել են ավտոճանապարհը: Ու այնքան ժամանակ, մինչև գյուղացիները չեն գնացել տուն, ոստիկանները ճանապարհը չեն բացել:

Թվում է, թե որևէ էական տարբերություն չկա, թե ով է փակել ճանապարհը. ոստիկաննե՞րը, թե՞ գյուղացիները, կարևորը փաստն է, որ Արմավիր-Երևան մայրուղին փակվել է, և դրա միջոցով գյուղացիներն իրենց բողոքն են արտահայտել: Փոխվարչապետն ու գյուղնախարարն էլ եկել ու լսել են գյուղացիներին:

Մինչդեռ տարբերությունը շատ մեծ է. փակելով Երևան տանող ավտոճանապարհը, Ոստիկանությունը և իշխանությունը թույլ չեն տալիս, որ գյուղացին իր բողոքի ձայնը հասցնի իշխանությանը: Գյուղացիությունն ուզում է, որ իրեն լսի անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ համոզված է, որ Հայաստանում որոշումներ կայացնողը միայն նախագահն է, և, եթե նա լսի իրենց, պատկերացնի իրենց ողբերգության մասշտաբները, ապա անպայման օգնության ձեռք կմեկնի:

Իսկ փակելով Երևան, այսինքն՝ դեպի նախագահական տանող ճանապարհը՝ Ոստիկանությունը գյուղացիությանը զրկում է իր ձայնը երկրի նախագահին լսելի դարձնելու  հնարավորությունից: Գյուղացիությունը սկսում է մտածել, որ նախագահը  չի ուզում լսել իր ձայնը, և ինքն է հրահանգել փակել ճանապարհը: Ոստիկանությանն էլ թվում է, որ եթե գյուղացիությանը չթողեցին Երևան գնալ, գյուղացին հավաքվեց ճանապարհին, բողոքեց-գնաց տուն, ամեն ինչ բարեհաջող վերջացավ:

Մինչդեռ գյուղացիությանը Երևան չթողնելով՝ հարցը ոչ միայն չի լուծվում, այլև կարող է արտահայտման ավելի վտանգավոր ու խայտառակ դրսևորումներ ստանալ:
Գյուղացիները որոշել են մեկ անգամ էլ հավաքվել մայիսի 23-ին: Այս օրը կառավարության նիստում քննարկվելու է, թե կառավարությունն ինչ միջոցառումներ է ձեռնարկելու աղետից տուժած գյուղացիությանն օժանդակելու համար: Քանի որ վարչապետը հայտարարել է, որ գյուղացիների բերքի կորուստները չեն փոխհատուցվելու, այլ լինելու է օգնություն, ապա կարելի է եզրակացնել, որ գյուղացիությունը կառավարությունից առանձնապես մեծ սպասելիքներ չպետք է ունենա:

Գյուղացիները քննարկում են, թե ինչ պետք է անել այն դեպքում, եթե կառավարության որոշումը չբավարարի իրենց: Հիմա քննարկվում է լուծման երեք տարբերակ: Առաջինն ամենաընդունելին է և հայկական պետության համար՝ ոչ ամոթաբերը: Ավանդույթի համաձայն՝ մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիր են գալիս երկրի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նաև նախագահը, ինչից  կարելի է ենթադրել, որ այս տարի ևս նախագահ Սերժ Սարգսյանը գալու է Սարդարապատի հուշահամալիր և գալու է նույն՝ Երևան-Արմավիր մայրուղով:

Գյուղացիները մտադիր են փակել այդ մայրուղին և այդ ձևով հասնել նախագահ Սերժ Սարգսյանի ընդունելությանը: Իհարկե, Ոստիկանությունը կարող է բռնության միջոցով ցրել գյուղացիներին՝ բացելով նախագահի ճանապարհը: Բայց տոնի օրը վերածել գյուղացիության ծեծիուջարդի օրվա, ուղղակի խայտառակություն կլինի: Մանավանդ որ, այդ օրը Սարդարապատ են գնում գրեթե բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները և բազմաթիվ այլ օտարերկրյա հյուրեր, և այդ խայտառակությունը կդառնա միջազգային:

Բայց սա բողոքի արտահայտման ամենանվազ վտանգավոր և ամոթալի տարբերակն է, եթե անգամ հաշվի առնենք, որ Ոստիկանությունը կարող է ծեծի ենթարկել կարկտահարությունից տուժած գյուղացիներին: Ինչպես ասում են, կարկուտը ծեծած տեղն է ծեծում:

Գյուղացիության մի մասի մոտ արդեն տրամադրություններ են հասունանում, որ Հայաստանի իշխանություններն այլևս ի զորու կամ ի վիճակի չեն լուծել իրենց խնդիրները, և ուզում են արտաքին օժանդակության դիմել: Մասնավորապես, քննարկվում է երկու տարբերակ՝դիմել Թուրքիային կամ Ռուսաստանին: Ռուսաստանին դիմելու տարբերակի կողմնակիցներն առաջարկում են նամակ գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, պատմել իրենց հետ տեղի ունեցած դժբախտության մասին և խնդրել, որ Ռուսաստանի իշխանությունը որոշում կայացնի իրենց ֆինանսական օժանդակություն տրամադրելու մասին: Իրենք էլ վեր կենան, ամբողջ գյուղերով մեկնեն Ռուսաստան, որտեղ իրենց հող կտան՝ մշակելու և ապրելու համար:

Սակայն կան ավելի արմատական տրամադրված գյուղացիներ, ովքեր առաջարկում են ավելի արագ և վճռական գործողությունների դիմել: Ըստ նրանց՝ մինչև իրենք նամակ գրեն, ստորագրություն հավաքեն, նամակը հասնի Ռուսաստան, և այնտեղից օգնություն գա, իրենք և իրենց երեխաները սովից կմեռնեն: Նրանք առաջակում են փորձել մայիսի 28-ին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, իսկ եթե չստացվի՝ անցնել հայ-թուրքական սահմանը և օգնություն խնդրել Թուրքիայի իշխանություններից, առանց նամակի ու ստորագրության, այլ անձամբ:

«Էդ հողերն էլ են մերը, հետո՞ ինչ, որ իշխանությունը թուրքական է, նրանք գոնե ավելի մարդկային կգտնվեն: Սիրիայի փախստականների համար ճամբարներ են բացել, կերակրում են, թող մի ճամբար էլ մեզ համար բացեն»,- ասում է գյուղացիներից մեկը:

Ինչ-որ մեկին այս սցենարները կարող են ֆանտաստիկ թվալ, ոմանք կարող են ասել, թե հայ մարդը նման քայլի ընդունակ չէ: Բայց ունեզուրկ ու սոված մարդիկ, ում համար միակ մտահոգությունը մնացել է երեխաներին սովից ազատելը, ընդունակ են ամեն ինչի: Նրանց համար այլևս գոյություն չունի ո՛չ հայրենիք, ո՛չ հայրենասիրություն և ո՛չ էլ նման այլ կարգի բարձր ու վեհ հնչող հասկացություններ:

Ի վերջո, եղել են դեպքեր, երբ հուսահատության հասած մարդիկ կամ ընտանիքներ փորձել են անցնել հայ-թուրքական սահմանը: Բայց դա եղել է մեկ կամ մի քանի մարդու կողմից և ոչ այսքան մասսայաբար, ամբողջ գյուղերով: Եվ եթե Ոստիկանությանը հաջողվում է փակել Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20 մետրանոց հատվածը և թույլ չտալ գյուղացիներին իրենց բողոքը հայտնել սեփական իշխանությանը, ինչպե՞ս պետք է այդ նույն Ոստիկանությունը փակի հայ-թուրքական սահմանի տասնյակ կիլոմետրերը:

Հայ գյուղացիների՝ հայ-թուրքական սահմանին հասնելը կամ Վլադիմիր Պուտինին սովամահությունից իրենց փրկելու խնդրագրով դիմելն արդեն համազգային խայտառակություն է, եթե անգամ համարենք, որ նրանց չի հաջողվի անցնել սահմանը կամ նամակն ուղարկել հասցեատիրոջը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս