Ալի Բաբան, չինացի խաբեբաները և խաբված հայ գործարարները
Բոլորովին վերջերս հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի եթերում հայտնվեց մի զարմանալի հայտարարություն՝ հետևյալ բովանդակությամբ։ «Հայաստանյան բոլոր գործարարները, ովքեր տուժել են չինական ընկերությունների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի գործատուների հանրապետական միություն»։ Սկզբում մտածում էինք՝ խնդիրն ավելի կոնցեպտուալ է՝ կապված չինական արտադրանքի էժան գների հետ, որին չեն դիմանում հայ գործարարները մրցակցության մեջ։ Սակայն պարզվում է՝ խնդիրն ավելի կոնկրետ է և պարունակում է անգամ հանցակազմ։ Այսպես, շուրջ մեկուկես տասնյակ հայ գործարարներ հայտնվել են չինացի որոշ խաբեբաների ծուղակում և զգալի գումարներ են կորցրել։
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը։ Նա տեղեկացրեց, որ ցանկանալով էժան գներով հումք և սարքավորումներ ձեռք բերել Չինաստանից՝ հայ գործարարները փորձել են ինտերնետի միջոցով մատակարարներ գտնել։ Օգտվել են հիմնականում www.alibaba.com տեղեկատվական կայքից, որը գնորդների և վաճառողների միջազգային հարթակ է և բավականին տարածված է հայաստանյան գործարարների շրջանում։
Խնդիրն այն է, որ հայ գործարարները պատշաճ ձով չեն պարզել, թե որպես մատակարար ներկայացող կազմակերպությունը որքանո՞վ է վստահելի։ Արդյունքում՝ ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են պատվերի արժեքը և կանգնել փաստի առաջ։
Մեկն ընդհանրապես ապրանքը չի ստացել, մյուսը ստացել է՝ սակայն լրիվ ուրիշ բան։
Օրինակ՝ գործարար Իսահակ Աբրահամյանը 168.am-ին տեղեկացրեց, որ ինքը Չինաստանից պատվիրել է փրփրապլաստի (пенопласт) հումք, սակայն իրեն դրա փոխարեն ուղարկել են, իր իսկ խոսքերով, «զիբիլ»։ Պատվերի համար Աբրահամյանը վճարել է 26 հազար դոլար, սակայն առայսօր չի կարողանում փոխհատուցել վնասը։
Չինական կազմակերպությունների հետ աշխատանքից տուժած ընկերություններից մեկն էլ «Ա-Ջավան» է: Ընկերության տնօրեն Արթուր Ջավախյանը մեզ հետ հետ զրույցում ասաց, որ չինական «Tianjin Meiyada Chemical Corporation» կազմակերպությունը պատվիրված 48 տոննա պարաֆինի փոխարեն ջուր է ուղարկել Հայաստան. «Ընկերության կրած վնասը մոտավոր կազմում է մոտ 20 մլն դրամ»: Արթուր Ջավախյանն ասաց, որ բեռը ստանալուց հետո իրենք դիմել են առաքող ընկերությանը, որտեղից պատասխանել են, որ իրենք միայն միջնորդ են. «Ասացին, որ այդ ամենը կատարվել է գործարանում, գործարանում կճշտենք, Ձեզ կպատասխանենք, բայց դա սուտ էր, բացահայտ սուտ, որովհետև Youtube-ով որ նայեք, իրենք խաբել են նաև մեկ այլ մեքսիկական կազմակերպության: Այնտեղ արդեն մեծ թվերի մասին է խոսքը՝ մոտ 183 հազար դոլար»:
Արթուր Ջավախյանն ասաց, որ ինքը բեռը ստացել է 2012-ի հուլիսի 20-ին, մոտ մեկ շաբաթ անց Արդարադատության նախարարությունը տվել է փորձագիտական եզրակացություն, որով փաստաթղթային հիմնավորում է ստացել այն, որ բեռն ամբողջությամբ ջուր է։ Դրանից մոտ մեկ շաբաթ հետո ինքը հանդիպել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տնտեսական կցորդի հետ, սակայն դեսպանատունն այս ուղղությամբ որևէ գործնական քայլ չի ձեռնարկել. «Ինքը նշում էր՝ մեզ մոտ բեռնաշրջանառությունը շատ մեծ է, և ամեն ինչ արագ է կատարվում: Այնտեղի մաքսատանը բեռը կշռվում է, եթե ավել քաշ կա, վճարվում է ավելորդ քաշի համար: Եթե քաշը նշվածից ցածր է, այն կոնտեյներն անցնում է, այսինքն՝ կարող է նունիսկ դատարկ կոնտեյներ գալ, և լուրեր կան, որ նույնիսկ դատարկ կոնտեյներներ են եկել»: Արթուր Ջավախյանի խոսքով՝ դեսպանատան աշխատակիցը նշել է, որ Չինաստանում կազմակերպություն բացելը շատ հեշտ է. «Ասաց՝ Դուք ինքներդ պիտի զգույշ լինեք: Եթե ուզում եք, Ոստիկանություն դիմեք: Իրենց ոստիկանության հասցեն է տվել, բայց ոստիկանություն դիմելով՜ քո կորուստը չի վերականգնվի: Ընդհակառակը: Ես չգիտեմ, ասում են՝ իրենց օրենքները շատ խիստ են: Հնարավոր է՝ 4 ժամվա ընթացքում որոշում ընդունեն, դրանց գնդակահարեն, ու վերջանա դրանով: Թե ես դրանից ի՞նչ կշահեմ, Աստված գիտի»:
Մեր տեղեկություններով, չինական կազմակերպությունների գործունեությունից տուժել է նաև «Ռոյալ Արմենիա» ընկերությունը, որն ավելի քան 100 հազար դոլար արժողությամբ սարքավորում է պատվիրել՝ վճարելով գումարի 30%-ի չափով կանխավճար։ Սակայն մինչ օրս ո՛չ սարքավորումն են ուղարկել, ո՛չ էլ գումարն են վերադարձրել։
Վահան Սիմոնյանն ասում է, որ ընկերությունները սկզբնական շրջանում փորձել են ինքնուրույն լուծել խնդիրները, դիմել են անգամ դեսպանատուն, սակայն կոնկրետ արդյունքներ չեն ստացել։ Այնուհետև խնդրով սկսել է զբաղվել Գործատուների միությունը։
Վ.Սիմոնյանն ասում է, որ սկզբում իրենց դիմել են մի քանի կազմակերպություններ, իսկ հեռուստատեսությամբ հայտարարություն տալուց հետո պարզվել է, որ տուժածների թիվը բավականին մեծ է։ Այս պահի դրությամբ արդեն 15 կազմակերպություն դիմել է ՀԳՀՄ, և նրանց թիվը շարունակում է աճել։
ՀԳՀՄ-ն այս խնդրով պաշտոնապես դիմել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն։ Այստեղից պատասխանել են, որ կփորձեն պարզել անբարեխիղճ չինական ընկերությունների տվյալները և լուծել գումարների վերադարձի հարցը։ Նաև պատրաստակամություն են հայտնել խորհրդատվական ծառայություն մատուցել հայկական ընկերություններին։ Այսինքն՝ եթե որևէ հայ գործարար ինտերնետով մատակարար է գտնում Չինաստանում, ապա կարող է դիմել այս երկրի դեսպանատուն, որտեղից կտեղեկացնեն, թե ընկերությունը որքանով է կայացած և վստահելի։
Չնայած սրան, Վ.Սիմոնյանը գտնում է, որ մեղքի որոշակի բաժին ունեն նաև հայկական ընկերությունները, որոնք պայմանագրերում չեն նշում պատվիրվող ապրանքների տեխնիկական բնութագրերը, բացի այդ՝ հայկական կազմակերպությունները անհրաժեշտ չափով չեն պայմանավորվում վեճերի լուծման և այլ կարևոր հարցերի մասին:
Իսկ հայ գործարարների, թերևս, ամենամեծ սխալն այն է, որ նրանք երբեմն մոռանում են հայտնի ճշմարտությունը՝ անվճար (կամ էժան) պանիր լինում է միայն թակարդում։
Բաբկեն Թունյան, Օֆելյա Հովհաննիսյան