Հայաստանը կստանա՞ 2-2.5 միլիարդ դոլարի աջակցություն
Գազի գնի 30 տոկոսանոց սուբսիդավորման վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունից հետո ամենաշատը հնչող հարցն այն է, թե որտեղի՞ց է կառավարությունը հայթայթելու տարեկան կտրվածքով, նվազագույն հաշվարկներով` 100 միլիոն դոլարը գերազանցող այդ գումարը, եթե 2013 թվականի բյուջեում սուբսիդավորման համար ֆինանսավորում նախատեսված չէ: Նաև դա է պատճառը, որ հանրային-քաղաքական շրջանակներում քննարկվում է, թե ինչ ռազմավարական գույքով կարող է Հայաստանը Ռուսաստանին վճարել գազի դիմաց:
Մյուս ավելի հաճախ տրվող հարցն այն է, թե ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը պատրաստվում բարձրացնել բյուջետային հաստատությունների աշխատողների աշխատավարձերը, ինչի մասին խոստումներ են հնչում իշխանական գործիչների ելույթներում: Սակայն դրա համար ևս համապատասխան միջոցներ բյուջեում նախատեսված չեն:
Վերջապես, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվել է, Հայաստանը պատրաստվում է 500 միլիոն դոլարի եվրոպարտատոմսեր թողարկել, որից ստացված գումարն ուղղվելու է ռուսական վարկի սպասարկմանը: Դժվար չէ ենթադրել, որ այդ մասին պաշտոնապես չէր հայտարարվի` առանց համապատասխան երաշխիքների, առնվազն` առանց նախնական պայմանավորվածությունների:
Մի խոսքով, իշխանությունները կանգնած են լուրջ ֆինանսական խնդրի առաջ, որը, սակայն, մեր տեղեկություններով` որոշակի լուծում է ստանալու առաջիկայում:
Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանին` ռուսական կախվածությունից ազատվելու և եվրոպական կառույցներին ավելի ազատ և անկաշկանդ ինտեգրվելու համար, արևմտյան գործընկերների կողմից խոստացվել է որոշակի ֆինանսական աջակցություն: Խոսքը վերաբերում է 2-2,5 միլիարդ դոլար աջակցության մասին: Այդ գումարից 500 միլիոնը տրվելու է եվրոպարտատոմսերի ձևով, որպեսզի չստացվի, թե արևմտյան ֆինանսական հաստատություններն են վճարում ռուսական վարկը, այլ Հայաստանի պետությունն իր ունեցած ֆինանսական հեղինակության շնորհիվ կարողանում է ավելի էժան ֆինանսական միջոցներ գտնել արտաքին ֆինանսական շուկաներում:
Գումարի մյուս մասը, որն ուղղվելու է գազի գնի սուբսիդավորմանը և աշխատավարձերի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի այս տարվա արտաքին պարտավորությունների սպասարկմանը, ըստ նույն աղբյուրների` կտրամադրվի միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից: Պարզ է, որ որևէ ֆինանսական աջակցություն հենց այնպես չի արվում, և Հայաստանը դրա դիմաց որոշակի պարտավորություններ է ստանձնում: Պարտավորություններից առաջինն այն է, որ Հայաստանը պետք է վերջնականապես հրաժարվի Եվրասիական և նրան կից Մաքսային միությանն անդամակցելու առաջարկներից:
Պարտավորությունների մյուս մասը վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ադրբեջանի հետ որոշակի համաձայնության հաստատմանը, ինչն էլ իր հերթին` կնպաստի, որպեսզի Հայաստանը վերջնականապես ազատվի ռուսական կախվածությունից, ինչից հետո միայն հնարավոր կլինի Հայաստանի և ընդհանրապես ամբողջ Հարավային Կովկասի ավելի սերտ եվրոինտեգրացիան: Ռուսաստանը Հայաստանի այս ձգտումներին պատասխանում է ոչ միայն գազի գնի բարձրացմամբ, այլ նաև Գյումրիի իր ռազմաբազայի արդիականացմամբ և անձնակազմի թվաքանակի կրկնապատկմամբ: Թե ինչպես կավարտվեն այս զարգացումները, դժվար է միանշանակ ասել:
Այս պահին հստակ է միայն այն, որ Արևմուտքը շատ իրական է համարում Հայաստանի՝ Եվրասիական ու Մաքսային միություններին անդամակցության վտանգը և դրանից խուսափելու նպատակով պատրաստ է վճարել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծման համար: