Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը հայտնվել են Միջերկրական ծովում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ջոկատն անցել է Սուեզի ջրանցքի միջով և հայտնվել է Միջրկրական ծովում: Այս մասին այսօր հայտարարել է նավատորմի ներկայացուցիչ Ռոման Մարտովը:
Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունը ձեռնամուխ էր եղել Միջերկրածովյան նավատորմի կազմավորմանը՝ տվյալ շրջան ուղարկելով Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ջոկատ:
Մշտական հենքով Միջերկրածովյան նավատորմի ստեղծման անհրաժեշտության մասին հայտարարել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, որի խոսքերով այդ նավատորմը Միջերկրածովյան ավազանում կպաշտպանի Ռուսաստանի շահերը:
Մարտովը նշել է, որ ռազմանավերի խումբը հաջողությամբ անցել է Սուեզի ջրանցքով և դուրս է եկել Միջերկրական ծով՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում սա առաջին դեպքն է, երբ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը հայտնվում են տվյալ շրջանում:
Մարտովը հավելել է, որ նավատորմը ներկայումս շարժվում է Կիպրոսի ուղղությամբ, ուր այցելելու է Լիմասոլի նավահանգիստ: Նա մանրամասնել է, որ նավատորմի կազմում գտնվող Адмирал Пантелеев հակասուզանավային մեծ նավը, Пересвет և Адмирал Невельской մեծ դեսանտանավերը, Печенга լցանավը, Фотий Крылов փրկարար բուքսիրը Վլադիվոստոկից դուրս են եկել մարտի 19-ին:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվում էր, թե այդ ռազմանավերը Միջերկրական ծով են ուղարկվում մի քանի ամսով: