Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը մի քանի ամսով ուղարկվում են Միջերկրական ծով
Warfiles.ru–ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերի ջոկատը, որը պետք է համալրի Ռուսաստանի Միջերկրածովյան նավատորմը, հաջորդ շաբաթվա կեսերին կմտնի Միջերկրական ծով և մի քանի ամսվա ընթացքում կկատարի տվյալ տարածաշրջանում իր առջև դրված առաջադրանքները:
Այս մասին երեկ հայտնել է Ռուսաստանի ՊՆ-ը: Ավելի վաղ ռուսական ռազմական գերատեսչությունը ձեռնամուխ է եղել Միջերկրածովյան նավատորմի ձևավորմանը՝ տվյալ շրջան ուղարկելով իր Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատ:
Միջերկրածովյան նավատորմի ստեղծման և տվյալ տարածաշրջանում Ռուսաստանի շահերի պաշտպանության անհրաժեշտության մասին արտահայտվել էր ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն:
Պլանավորված է, որ մայիսի 15-ին Միջերկրական ծով կժամանեն Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը, որի կազմում են գտնվում Адмирал Пантелеев հակասուզանավային մեծ նավը, Пересвет և Адмирал Невельской մեծ դեսանտանավերը, Печенга լցանավը, Фотий Крылов փրկարար բուքսիրը:
Այս նավերը մի քանի ամսվա ընթացքում Միջերկրական և Սև ծովերի ջրատարածություններում կատարելու են իրենց առջև դրված առաջադրանքները: Բացի այդ, դրանք գործնական այցեր կկատարեն տարածաշրջանի նավահանգիստներ:
Հիշեցնենք, որ Սիրիայի Տարտուս նավահանգստում է գտնվում Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութա-տեխնիկակական ապահովման կետը: