Միջերկրական ծովի էներգետիկ պաշարները բարձրացնում են Թուրքիայի նշանակությունն աշխարհի էներգետիկ քարտեզի վրա. Գյուլ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Սաբանջըի համալսարանի կազմակերպած ամենամյա էներգետիկ ֆորումի բացման ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ ոչ վաղ անցյալում Միջերկրական ծովի արևելյան հատվածում հայտնաբերված էներգետիկ պաշարները կարող են զգալի ներդրում ունենալ տարածաշրջանի քաղաքական խնդիրների լուծման հարցում.

«Ես կարծում եմ, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածի էներգետիկ պաշարներին առնչվող յուրաքանչյուր նախագծին պետք է մասնակցեն տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում նաև Եգիպտոսը, Իսրայելը, Կիպրոսն ու Թուրքիան՝ քաղաքական խնդիրների լուծման համար:

Ներկայումս ապացուցված է, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում գազի ապացուցված պաշարները կազմում են ավելի քան 3 տրիլիոն խորանարդ մետր: Դա բարձրացնում է Թուրքիայի նշանակությունն աշխարհի էներգետիկ քարտեզի վրա, քանի որ Թուրքիան Միջերկրական ծովում ունի երկարաձիգ ափագիծ և բացառապես տնտեսական գոտի:

Ես միշտ էլ կարծել եմ, որ Միջերկրական ծովի արևելյան հատվածում հնարավոր համագործակցությունը կարող է տարածաշրջանի բոլոր մարդկանց ընձեռել ավելի լավ ապրելու և քաղաքական խնդիրները լուծելու հնարավորություն: Թուրք-կիպրացիները նույնպես իրավունք ունեն օգտվել Կիպրոսի ափերի մոտ հայտնաբերված էներգոռեսուրսներից»:

Գյուլը հավելել է, որ Իրաքի էներգետիկ պաշարների մի մասը կարող է նոր նավթամուղերի ու գազամուղերի օգնությամբ հասցվեն Եվրոպա. «Այդ խողովակաշարերը կարող են կառուցվել Իրաքի՝ գոյություն ունեցող հյուսիսային ու հարավային էներգետիկ երթուղիներին զուգահեռ: Դա Իրաքի համար կլինի լավ մեկնարկային կետ՝ հուսալի շուկաներին հասնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս