
TANAP գազատարը չափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի համար. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ ֆորումում ունեցած ելույթում հայտարարել է, որ «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործումը նախատեսված է առաջիկա տարիներին:
Գյուլն ընդգծել է, որ TANAP գազատարի նախագիծը չափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ-ի երկրների էներգոանվտանգության համար. «Առաջին փուլում այդ գազատարով կմատակարարվի ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը, իսկ հետագա փուլերում՝ Ադրբեջանի նաև այլ հանքավայրերի գազը: Բացի այդ, աշխատանքներ են տարվում այս գազատարում թուրքմենական գազի ներառման ուղղությամբ»:
Առաջին փուլում TANAP գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիոնը նախատեսված կլինի Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդը՝ Եվրոպայի համար: