ВАЗ 2110-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է բաժանարար գոտում. 4 վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07: 00-ի սահմաններում ВАЗ 2110 մակնիշի 97 ԼՏ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նորակառույց ճանապարհի համար տեղադրված բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել բաժանարար գոտում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի՝ 27-ամյա Հակոբ Ստեփանյանը, 27-ամյա Գոհար Գևորգյանը, 23-ամյա Քնարիկ Գևորգյանը և 21-ամյա Արայիկ Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին տեղափոխվում են Երևան:
Առաջինը վիրավորներին օգնություն են ցուցաբերել պատահական անցորդները, քաղաքացիները, ովքեր ֆոտոլրագրողին պատմել են, որ բոլորը դուրս են շպրտվել ավտոմեքենայից:
Նշված ավտոմեքենան հաշվառված է Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ փողոցի 50 տան բնակիչ Համլետ Միրաքյանի անվամբ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: