Ծառուկյանի կառուցած եկեղեցին ու զվարճանքների կենտրոնը. մամուլ
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Ազատության հրապարակում հրավիրած վերջին հանրահավաքի ժամանակ ներկաներին մայիսի 14-ին հրավիրեց Աբովյան` իր ընտանիքի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը»,- հիշեցնում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Շքեղ արարողությանը մասնակցելու են տարբեր երկրների հոգևոր և աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով Ծառուկյանի ընկերն է: Թեպետ Ծառուկյանի մամլո խոսնակը վստահեցնում է, որ հրավիրյալների ցանկը դեռ վերջնական չէ, չի կարող նաև ասել, թե ով է օծելու եկեղեցին:
Ի դեպ, «Ծառուկյան հիմնադրամը» այդ օրն անվճար «գազելներ» է տրամադրելու, որոնք ցանկացողներին ժամը 12:00-14:00-ն Մատենադարանի մոտից կհասցնեն Աբովյան:
Տեղեկություններ կան, որ նույն օրը Ծառուկյանը ցանկանում է ազդարարել Երևան-Սևան մայրուղու՝ Բալահովիտ գյուղի հարևանությամբ գտնվող նորակառույց «Փարավոն» հանգստի, խաղատնային և զվարճանքների կենտրոնի բացումը:
Կենտրոնը ներառում է նախկին «Շանգրի Լա» խաղատունը, «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրը, որտեղ կան նաև խաղատներ և մոտ մեկ տասնյակի հասնող հանգստյան փոքր համալիրներ:
«Նման բան չկա, միայն եկեղեցու բացումն է այդ օրը նախատեսվում»,- ասել է Ուրիխանյանը: Բայց հայտնի է, որ արդեն ոմանք «Փարավոնը» «բրոնյա» են արել՝ հանդիսավոր միջոցառումներ նշելու համար: Ասում են՝ այն չափազանց շքեղ է և գերազանցում է «Օջախին»»: