Բաժիններ՝

Հեռուստատեսությամբ է տեղեկացել, որ սփրեդը կարագ չէ

Մանկապարտեզին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար Վերգինե Ասատրյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանվեց ՀՀ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի` 300.000 դրամի չափով։

Ըստ մեղադրանքի` անհատ ձեռնարկատեր Վերգինե Ասատրյանը 2011-2012թթ.-ներին յուրաքանչյուր տարի մատակարարման պայմանագիր է կնքել Արմավիրի մարզի Գեղակերտ համայնքի «Փարաքարի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ի տնօրեն Նեկտար Սարդարյանի հետ և պարտավորվել պայմանագրում նշված ժամկետում մանկապարտեզին մատակարարել անհրաժեշտ սննդամթերք, այդ թվում՝ նաև կարագ: Վ. Ասատրյանը սպառողին խաբելու դիտավորությամբ կարագի փոխարեն մանկապարտեզին նշված տարիների ընթացքում, տարբեր գներով մատակարարել է խոշոր չափերի հասնող` ընդհանուր 619 800 ՀՀ դրամ արժողության 293կգ սփրեդ: Նկատենք, որ սա բացահայտվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում:

Սակայն քրեական գործի նախաքննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ ինքը սպառողին խաբելու դիտավորություն չի ունեցել` պատճառաբանելով, թե չի իմացել, որ սփրեդը կարագ չէ և որ այդ մասին տեղեկացել է միայն 2012 թվականին , այն էլ՝ հեռուստատեսությամբ։

Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ և հարցերին պատասխանել:

Այդուհանդերձ, դատարանը մեղմ վերաբերմունք է դրսեւորել ամբաստանյալի նկատմամբ եւ, հիմք ընդունելով, որ նախկինում դատված չի եղել, որպես պատժաչափ սահմանել է տուգանք:
Վերգինե Ասատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, կմնա անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը։

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս