Ժողովրդական դեղատոմսեր վնասված մազերի համար
Թե գեղեցկության, և թե առողջության տեսանկյունից՝ վնասված մազերն անհանգստանալու տեղիք են տալիս, սակայն օգնության են հասնում ժողովրդական դեղատոմսերը, որոնք կօգնեն արագ և արդյունավետ լուծել այս տհաճ խնդիրը:
Վարսահարդարիչ, մազերի արդուկ օգտագործելը, մազերը հաճախակի ներկելը, քիմիական գանգրացումից օգտվելը մազերը դարձնում են դյուրաբեկ և արտաքին ազդակների հանդեպ խոցելի: Վնասված մազերը զուրկ են լինում բնական ճարպից, չոր և վնասված ծայրեր են ունենում:
Մազի կառուցվածքը
Մազը բաղկացած է երկու մասից՝ մաշկի մակերևույթից դուրս ցողունից և մաշկի մեջ ընկղմված արմատից: Մազի արտաքին շերտը կազմված է իրար վրա դասավորված կերատին թեփուկներից: Մազերի տեսանելի մասը կոչվում է ցողուն: Մազերի այն մասը, որն ընկղմված է մաշկի մեջ, կոչվում է մազերի արմատ (կամ մազերի սոխուկ). սոխուկը պարուրված է մազային պարկիկով՝ ֆոլիկուլ: Մազերի տեսակը կախված է ֆոլիկուլի ձևից՝ ուղիղ մազերն աճում են՝ կլոր, թեթև գանգուրը՝ օվալ, իսկ շատ գանգուրը՝ երիկամանման ֆոլիկուլից:
Յուրաքանչյուր մազ բաղկացած է երեք շերտերից: Արտաքին շերտը կամ cuticle-ը պաշտպանական դեր է կատարում և կազմված է թեփուկանման բարակ բջիջներից, որոնք միմյանց ծածկում են տանիքի կղմինդրի նման: Երբ cuticle թեփուկները խիտ են, խնամքով իրար ծածկում են, ապա մազերը մետաքսանման են, փափուկ ու փայլուն: Եթե cuticle բջիջները ֆիզիկապես կամ քիմիական ազդակներից վնասված են, ապա մազերը կորցնում են իրենց փայլը, դյուրաբեկ են և հեշտությամբ խճճվում են: Cuticle-ի տակի շերտը կեղևն է՝ cortical նյութը, որը կազմված է ձգված բջիջներից, որոնք մազերին ուժ և էլաստիկություն են տալիս: Այն պարունակում է մելանին melanin պիգմենտը, որը և որոշում է մազերի բնական գույնը: Յուրաքանչյուր մազի կենտրոնում ուղեղային նյութ է՝ medulla, որը բաղկացած է փափուկ keratin բջիջներից և օդային խոռոչներից: Այս շերտի նշանակությունն անհայտ է, ենթադրվում է, որ նրանով են սնուցում ստանում արտաքին երկու շերտերը՝ կեղևն ու cuticle-ը: Սրանով կարելի է բացատրել հիվանդության ժամանակ մազերի կտրուկ փոփոխությունը: Մազերի բնական փայլը կախված է իրենց ճարպային, այդ թվում՝ հականեխիչ քսուքից, որն օգնում է օտար միկրոօրգանիզմների դեմ պայքարում: Մաշկում գտնվում են ճարպագեղձեր, որոնք իրենց արտադրանքն են մղում մազերի follicles-ին:
Վնասված մազեր
Մազը համարվում է վնասված, եթե նրա շերտերից մեկը քիմիապես կամ ֆիզիկապես փոփոխության է ենթարկվում: Այս շերտերի փոփոխությունը հանգեցնում է մազերի չորությանը: Մազերի կերատինը քայքայվում է, որի հետևանքով էլ մազը բարակում է:
Մազերի ձևափոխման համար օգտագործվող պարագաներ
Մազերը կոպիտ հարդարելը, ծոծրակից դեպի ճակատը մազերը սանրելը կարող է ֆիզիկապես վնասել մազերը: Վարսահարդարիչները, նախատեսված արդուկները, մազերի ուղղման կամ գանգրացման համար նախատեսված արդուկները, գոֆրե-ունելիները հեռացնում են մազերի խոնավությունը: Իսկ մազերի խնամքի համար նախատեսված սարքերի տաքությունից վնասվում է մազերի արտաքին շերտը` կուտիկուլան:
Ուլտրամանուշակագույն ճառագայթներ
Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար ազդեցություն են թողնում մազի կուտիկուլայի շերտերի վրա, որի արդյունքում՝ մազերը միաձուլվում են: Վերջինիս հետևանքով մազը կորցնում է իր էլաստիկությունը և դյուրաբեկ է դառնում: Ամռանը խորհուրդ է տրվում գլխարկ կրել` ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու համար:
Քիմիական պրոցեդուրաներ
Մշտական կամ հաճախակի մազերը ներկելը, քիմիական գանգրացումը կամ մազերի ուղղումը մազը ենթարկում են քիմիական փոփոխությունների, և այն կորցնում է իր ամրությունը: Ի հավելումն սրա՝ մազերի խոնավությունը գոլորշիանում է:
Չափից շատ մազերի շամպուն օգտագործելը
Մազերի վնասվելու մյուս հիմնական պատճառներից է մազերը չափից շատ շամպունով լվանալը: Շամպունով մազերը լվանալու ընթացքում մազերը տրորվում են իրար մեջ, գլխամաշկի բնական ճարպը քայքայվում է, որն էլ հանգեցնում է մազերի վնասվելուն: Մազերը լվանալիս պետք է չափավոր քանակությամբ շամպուն օգտագործել:
Սննդարար նյութերի պակասը
Մազերի թափվելու և կոտրվելու պատճառներից մեկն էլ սննդարար նյութերի պակասն է: Սննդարար նութերը ձեռք ենք բերում վիտամիններով և հանքանյութերով հարուստ սննդամթերք օգտագործելու դեպքում: Գիտական հետազոտությունները պարզել են, որ սպիտակուցներից, վիտամիններից, հանքանյութերից և հակաօքսիդանտներից զուրկ սննդակարգն իր վատ ազդեցությունն է թողնում մազերի առողջության վրա:
Ժողովրդական դեղատոմսեր վնասված մազեր համար
Եթե ցանկանում եք ունենալ առողջ, փայլուն և ամուր մազեր, ապա Ձեզ խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ ժողովրդական բնական դեղատոմսերը
Ձվի դեղնուց
Ձվի դեղնուցը մազերի վերականգնման համար օգտագործվող ամենահայտնի միջոցներից մեկն է: Ձուն չոր մազերի համար նաև հիանալի կոնդիցիոներ է: Վերցնում եք ձվի դեղնուցը, հարում այն, քսում գլխամաշկին և մերսում մի քանի րոպե: Այնուհետև սառը ջրով և շամպունով լվանում եք մազերը: Կարող եք օգտագործել ձվի դեղնուցը մեկ այլ մազերի դիմակ պատրաստելու համար: Վերցնում եք ձվի դեղնուցը և այն խառնում բուսական թուրմին: Այս խառնուրդը քսում եք գլխամաշկին և թողնում 15 րոպե: Այնուհետև լվանում եք մազերը սառը ջրով: Այս երկու դեղատոմսերը հիանալի արդյունք կարող են ապահովել վնասված մազերի դեպքում:
Հինա
Մազերի առողջությունը վերականգնելու մյուս միջոցը հինա օգտագործելն է: Հիանային ավելացրեք ջուր, խառնեք և քսեք վնասված մազերին: Այն արագ կվերականգնի մազերի առողջությունը և փայլը: Հինան թափանցում է մազերի շերտերի տակ, ամրացնում է կուտիկուլան, հաստացնում է մազերը` դրանք դիմացկուն դարձնելով արտաքին քիմիական և ֆիզիկական ազդակների հանդեպ: Հինայի շնորհիվ գլխամաշկն ամրանում է, և վնասված մազերը վերականգնվում են:
Կոկոսի ձեթ
Կոկոսի յուղի օգտագործումն արդյունավետ է վնասված մազերի համար: Գլխամաշկը կոկոսի յուղով մերսելը կբուժի վնասված մազերը: Կոկոսը հարուստ է լաուրինյան թթվով (lauric acid), որն իր կառուցվածքով համարժեք է մազերի սպիտակուցներին: Այս հատկության շնորհիվ ձեթը խորը թափանցում է մազերի ենթակառուցվածքների մեջ: Կոկոսի ձեթը թույլ չի տալիս, որ կուտիկուլան վնասվի, և ապահովում է մազերի առողջ տեսքը:
Հալվե (Aloe vera)
Դեռ հնուց հալվեն հայտնի է մաշկի վրա դրական ազդեցություն ունեցող իր բուժիչ հատկություններով: Հալվեն նաև հիանալի բնական դեղամիջոց է վնասված մազերի դեպքում, այն ունի հակասնկային և հակաբակտերային հատկություններ: Հալվեի հյութը քսեք մազերին և գլխամաշկին և 15 րոպե անց լվացեք ջրով: Հալվեի հյութը անցկացնում է քորը, բուժում գլխի չոր մաշկը և դյուրաբեկ մազերը:
Հիբիսկուս
Հիբիսկուսը նպաստում է մազերի աճին և վնասված մազերի վերականգնմանը: Հիբիսկուսի տերևները և ծաղիկն իրենց հատկություններով արագացնում են մազերի աճը: Հիբիսկուսը ունի նաև մազերի սպիտակելը կանխելու հատկություն: Հիբիսկուսի տերևների խյուսը քսեք գլխամաշկին և 15 րոպե անց տաք ջրով լվացեք մազերը, որպեսզի մազերի ծավալը մեծանա, և դրանք ձեռք բերեն մետաքսանման փայլ:
Ձիթայուղ
Ձիթայուղը հայտնի բնական միջոց է վնասված մազերը բուժելու համար: Կանոնավորապես մազերին քսեք ձիթայուղ և կկանխեք դրանց վնասվելը: Ձիթայուղը քչացնում է թեփը, բուժում մազերի ծայրերի վնասվածքները, մազերը դարձնում է փայլուն և հեշտ սանրվող:
Խորհուրդ է տրվում մազերը սանրելու համար օգտագործել մազերի փայտից խոզանակ: Այն մերսում է գլխամաշկը և հավասարաչափ է բաշխում գլխամաշկի ճարպը: Նաև լավացնում է գլխի մաշկի արյան շրջանառությունը:
Ընդունեք առողջ սննդակարգ, կարգավորեք քնի տևողությունը, զբաղվեք մարմնամարզությամբ և կպահպանեք մազերի առողջությունը:
Պատրաստեց ՇՈՂԵՐ ԳԱԼՍՏՅԱՆԸ