Փառահեղ հաղթանակի ու գաղջ ներկայի միջև

Մայիսի 9-ը մեր տոնացույցի այն եզակի տոներից է, որով նշում ենք հայ ժողովրդի ոչ միայն բարոյական, այլ նաև շատ կոնկրետ, շատ շոշափելի հաղթանակը՝ Շուշիի ազատագրման հաղթանակը: Մայիսի 9-ի հաղթանակն ամենակարևոր՝ այլ հաղթանակներ կերտող հաղթանակն էր, որն ապահովեց Ղարաբաղյան պատերազմում մեր վերջնական հաղթանակը:

Այսօր բազմաթիվ տոնական միջոցառումներ են տեղի ունենալու ինչպես` Հայաստանում, այնպես էլ` Լեռնային Ղարաբաղում: Պաշտոնյաները խոսելու են Շուշիի ազատագրման մասին, պաթետիկ ճառեր են ասելու մեր հաղթանակի, անկոտրում ոգու, միասնականության և նման առիթների համար նախատեսված այլ հնչեղ երևույթների մասին: Դա միանգամայն նորմալ է, գուցե անհրաժեշտ: Բայց լավ կլիներ, որ բոլոր այդ պաշտոնյաները գոնե ոչ բարձրաձայն մտածեին՝ իսկ արդյոք այսօր Հայաստանում առկա՞ են բոլոր այն երևույթները՝ հավատը, միասնականությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, քաղաքացի ու հայրենիքի տեր լինելու զգացողությունը, որի շնորհիվ հնարավոր դարձավ Շուշիի ազատագրումը:

Արդյոք իշխանության անմիջական ուղղորդմամբ ու մասնակցությամբ այսօր տեղի ունեցող արժեքային, բարոյահոգեբանական դեգրադացիայի պայմաններում, Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի՞ արձանագրել նույն հաղթանակը: Որովհետև հաղթանակը ոչ թե տարվա մեջ ընդամենը մի օր նշելով ու ուրախանալով, այլ այդ հաղթանակը պահպանելով, դրանով նոր հաղթանակներ ապահովելով է հաղթանակ: Բնականաբար, խոսքը ոչ միայն ու ոչ այնքան ռազմական հաղթանակների, որքան պետության զարգացման, հաղթանակների արդյունքում ազատագրված տարածքները տարածքից` բնակավայրի, հայրենիքի վերածելու մասին է: Իսկ տարածքը հայրենիք դարձնողը քաղաքացիներն են, որոնց ավելի մեծ զանգվածներ տարեցտարի գերադասում են «այլ հայրենիքներ»:

Տոնական օրերին ընդունված չէ խոսել այս հարցերի մասին: Բայց անտեսել դրանց գոյությունը` կնշանակի` ապրել միայն քարոզչությամբ, միայն վիրտուալ արժեքներով, կեղծ հայրենասիրությամբ, որով ապրում է Հայաստանի ներկայիս իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը:
Շնորհավոր Մայիսի 9-ը:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս