Բաժիններ՝

Իվանիշվիլին Ռուսթավիում բացել է Հեյդար Ալիևի հուշարձանը՝ խոստանալով նախարար դարձնել վրաստանաբնակ ադրբեջանցու

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը և Ադրբեջանի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Աբդուլֆաս Գարաևը երեկ Ռուսթավիում բացել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան հրապարակ ու հուշարձան:

Բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է Վրաստանի ու Ադրբեջանի հարաբերություններին՝ ընդգծելով Հեյդար Ալիևի հատուկ դերը «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի կառուցման հարցում.

«Հենց Հեյդար Ալիևի շնորհիվ է, որ ադրբեջանական նավթը հոսում է Վրաստանի տարածքի միջով: Այդ ժամանակ կային այլընտրանքային ուղիներ և կար ընտրության հնարավորություն: Նա նաև ադրբեջանական բաժնեմասը զիջեց մեր երկրի օգտին, քանի որ բարձր էր գնահատում երկու ժողովուրդների բարեկամությունը:

Մենք կարող ենք հպարտորեն ասել, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է, մենք հպարտանում ենք մեր պատմական բարեկամությամբ և ներկա օրով: Մենք անում ենք ամեն անհրաժեշտ բան՝ հետագայում էլ ավելի խորացնելու համար մեր հարաբերությունները»:

Իվանիշվիլին նաև հայտարարել է, որ վրաստանաբնակ ադրբեջանցիների թվում փնտրում է նախարարի թեկնածուի. «Ես խոստացել եմ, որ ադրբեջանցին, մեր հայրենակիցը, զբաղեցնելու է վարչապետի խորհրդականի կամ օգնականի պաշտոնը: Սակայն մենք որոշեցինք գնալ ավելի առաջ և նախարար նշանակել մեր ադրբեջանցիներից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս