
Ոչ տոնական մտորումներ. մամուլ

Առավոտի խմբագրականը գրում է .«Չեմ ուզում հերթապահ բառեր գրել մայիսի 9-ի մասին` «եռատոն», «հաղթանակների ամիս» և այլն : Արժանին մատուցենք բոլորին` մեր երեք նախագահներին, Վազգեն Սարգսյանին, ազատամարտիկներին, ամբողջ հայ ժողովրդին, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը: Մինչ այդ դարեր շարունակ կորցրել ենք , 20-րդ դարի վերջում կարողացանք ինչ-որ բան վերադարձնել` չգնահատել այդ փաստը անխոհեմություն է: Սակայն ձեռք բերածը պահպանելը ավելի բարդ գործ է լինում: Իսկ այդ վտանգ միշտ էլ առկա է: Հատկապես մեր դեպքում՝ հաշվի առնելով մեր տնտեսական, բարոյական և, հեևաբար, ժողովրդագրական վիճակը: Մասնագետները պնդում են, որ բնակչության քանակի որոշակի ներքևի շեմն անցնելուց հետո տվյալ պետությունը կորցնում է իր պաշտպանունակությունը, որքան էլ հրաշալի բանակ ունենա: Իսկ մեր երկու հարևանները ամեն ինչ կանեն, որ տարածաշրջանում հայկական պետություն գոյություն չունենա: Երբ ենք մենք անցնելու այդ շեմը՝ 10, թե 20 տարի հետո՝ հատուկ հաշվարկներ են պետք :
Բայց պարզ է, որ այսպես շարունակվելու դեպքում մենք այդ աղետաբեր սահմանին վաղ թե ուշ կհասնենք, և դրանից հետո մեզ այստեղից (այստեղից ասելով նկատի ունեմ նաև Արցախը), ամբողջապես քշելը հիշյալ երկու պետությունների համար տեխնիկական խնդիր կլինի: Իսկ այդ դեպքում մայիսի 9-ը, Շուշիի ազատագրումը և մնացած բոլոր հաղթանակները կմնան որպես դասագրքային փաստեր, այսպես ասած՝ «էջեր՝ մեր հերոսական անցյալից»»: