Բաժիններ՝

Չինաստանի կառավարությունը Հայաստանում բացվող դպրոցի համար կտրամադրի 8 մլն դոլար

Մարտի 29-ին ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը և Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով մեկնարկում են ՀՀ-ում չինարենի տարածաշրջանային նշանակություն ունեցող դպրոցի կառուցման աշխատանքները: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տվյալների՝ տեխնիկատնտեսական համագործակցության շրջանակներում Չինաստանի կառավարությունը սկսած 1999թ.-ից՝ ՀՀ կառավարությանը հատկացնում է անհատույց օգնություն: Իրականացվել են տարբեր ծրագրեր, հիմնականում՝ գյուղատնտեսության, առողջապահության և տրանսպորտի բնագավառներում:

2012թ. դեկտեմբերի 28-ին ստորագրվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին համաձայնագիր, որով նախատեսված է 70 մլն չինական յուանի (մոտ 11,5 միլիոն դոլար.- Լ.Մ.) անհատույց օգնության տրամադրումը: Նախատեսվում է նշված գումարի միջոցով ձեռք բերել մաքսային զննման սարքավորումներ, ինչպես նաև՝ օգտագործել Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման համար:

ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ մոտ 11,5 միլիոն դոլարից մաքսային զննման սարքավորումների համար կտրամադրվի մոտ 4 մլն դոլար, իսկ Հայաստանում չինական դպրոցի կառուցման համար Չինաստանը Հայաստանին կտրամադրի 8 մլն դոլար՝ որպես անհատույց օգնություն:

168.am-ը փորձեց պարզել Հայաստանում չինարենի նոր դպրոցի ստեղծման հետ կապված մանրամասները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանի հետ զրույցում պարզ դարձավ, որ խոսքը ոչ թե չինական դպրոցի մասին է, այլ՝ չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի: «Այդ դպրոցը լինելու է հայկական դպրոց, որտեղ կրթությունն ընթանալու է հայերենով, և որը գտնվելու է ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության տակ, պարզապես դպրոցը կլինի չինարենի խորացված ուսուցմամբ»,- ասաց Տ. Սահակյանը՝ նշելով, որ դպրոցի ամբողջ կրթական ծրագիրը հայկական ավագ դպրոցի կրթական ծրագիրն է լինելու, ուղղակի ոչ պարտադիր 70 տոկոս ծրագրի մեջ գերակշռելու է չինարեն լեզվի խորացված ուսուցումը:

Տ. Սահակյանի խոսքով՝ Հայաստանում կրթության ոլորտի բարեփոխումների արդյունքում իրենք փորձում են ավագ դպրոցները կոնկրետ որևէ ուղղությամբ խորացված դարձնել, դա վերաբերում է նաև լեզուներին: «Մենք նմանատիպ բազմաթիվ ավագ դպրոցներ ունենք, որոնք որևիցե մի ուղղությամբ մասնագիտացվում են և խորացված անցնում են այդ առարկաները»,- ասաց Տ. Սահակյանը՝ նշելով, որ ունենալու ենք լեզվի խորացված ուսուցման դպրոցներ, որոնցից մեկը չինարենի խորացված ուսուցմամբ այս դպրոցն է:

Ըստ մեր զրուցակցի՝ տվյալ պարագայում որոշում էր կայացվել՝ դիմել չինական կողմին՝ աջակցելու որևէ դպրոցում լեզվի ուսուցման նախապատրաստական աշխատանքների իրականացմանը, սակայն չինական կողմը պատրաստակամություն է հայտնել հիմնովին նոր դպրոց կառուցել, որը կունենա չինարենի խորացված ուսուցում: Տ. Սահակյանը նշում է, որ դպրոցի շինարարության համար արդեն իսկ չինական կողմին մի քանի տարածքներ են ներկայացվել, որի արդյունքում չինական կողմն, ըստ նախնական պայմանավորվածության, ընտրել է Քանաքեռում գործող թիվ 103 դպրոցի տարածքը: Ըստ մեր զրուցակցի՝ նշյալ դպրոցը շատ հին շինություն է և գտնվում է բավական անմխիթար վիճակում, ուստի դրա վերանորոգումն ավելի մեծ ծախս կպահանջեր, քան այդտեղ նորի կառուցումը: «Ակնկալում եմ, որ այդ տարածքում մենք կունենանք շատ շքեղ դպրոց, որը կլինի ժամանակակից պահանջներին համապատասխան, ամբողջովին նոր մոտեցումներով, նոր ճարտարապետությամբ և նոր հագեցվածությամբ, ինչպիսի դպրոց Հայաստանում մենք այժմ չունենք»,- ասաց Տ. Սահակյանը՝ նշելով, որ չինական կողմն, ըստ էության, ցանկանում է ունենալ օրինակելի տարածաշրջանային դպրոց, ոչ թե՝ տարածաշրջանի համար, օրինակելի դպրոց տարածաշրջանում, և սա նրանց նմանատիպ առաջին նախագիծն է:

«Մեր հարևան երկրներում նմանատիպ  դպրոց դեռևս չի կառուցվել: Չեմ կարող պատասխանել, թե ինչո՞ւ չինական կողմը որոշեց Հայաստանում նման դպրոց ստեղծել, սակայն կարող եմ նշել, որ վերջին տարիներին մեր երկկողմ հարաբերությունները շատ ինտենսիվ են զարգանում, և չինական կողմը բավականին ակտիվություն է ցուցաբերում Հայաստանին օժանդակելու և Հայաստանի հետ համագործակցելու առումով»,- ասաց Տ. Սահակյանը՝ ավելացնելով, որ հնարավոր է՝  դպրոցի կառուցման պատճառներից մեկն էլ հայաստանյան կողմի նախաձեռնությունն էր, որը ցանկանում էր ունենալ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց:

Ինչ վերաբերում է չինարեն լեզվի պահանջարկին, ապա, ըստ մեր զրուցակցի՝ այժմ չինարեն լեզվի պահանջարկը շատ արդիական է, որովհետև Չինաստանում առևտրաշրջանառությունը մեծ է, իսկ մեր երկկողմ ինչպես՝ տնտեսական, այնպես էլ՝ մշակութային, քաղաքական և այլ կապերը գնալով ավելի են խորանում: «Մենք այստեղ բախվել ենք այն իրականության հետ, որ մենք ուղղակի չենք ունեցել չինարեն լեզվին տիրապետող մասնագետներ: Վերջին տարիներին, սակայն, այդ բացը փորձում են լրացվել: Այդ հարցում ավտիվ ներգրավվածություն ունի նաև Չինաստանի դեսպանատունը, որը խրախուսում և ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ինչպես, օրինակ, Լեզվաբանական համալսարանում, այնպես էլ  շուտով՝ նաև Երևանի պետական համալսարանում չինարեն լեզվի մասնագետների պատրաստումը»,- ասաց Տ. Սահակյանը, ում խոսքով՝ այսօր շուկայում շատ մեծ է չինարեն լեզվի պահանջարկը, քանի որ Հայաստանում բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ  ուղիղ կապի մեջ են Չինաստանի հետ:

Տ. Սահակյանը՝ որպես չինարենի պահանջարկի մեկ օրինակ, նշեց  Չինաստանում կրթություն ստանալու և չինական բուհերի նկատմամբ ՀՀ քաղաքացիների մեծ հետաքրքրությունը. «Չինաստանը մեզ կրթաթոշակային ծրագիր է տրամադրում ամեն տարի, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները և գնալ Չինաստան՝ կրթություն ստանալու: Միայն այս տարի 5 կրթաթոշակային տեղի վրա մենք ունեցել ենք 50-ից ավելի դիմում: Այս ամենը նաև պայմանավորված  է այն հանգամանքով, որ կրթական համակարգը Չինաստանում բավականին լայն թափով զարգանում է, այնտեղ լուրջ համալսարաններ են բացվում և լուրջ ներդրումներ են իրականացվում»,- ասաց ՀՀ ԿԳՆ Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետը: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիներն այսօր գնալով Չինաստան՝ այնտեղ շուրջ 1 տարի լեզվի կուրս են անցնում, իսկ Հայաստանում չինարենի խորացված դպրոց ունենալու դեպքում՝ հանրավոր կլինի այդ մեկ տարին, այսպես ասած, խնայել:

Տ. Սահակյանի տեղեկացմամբ, նոր դպրոցի ծրագիրը նախապատրաստական փուլում է՝ հստակեցվում ու քննարկվում են երկկողմ առաջարկները: Ըստ նախնական պայմանավորվածության՝ չինարենի խորացված դպրոցը կունենա իր դահլիճը, թանգարանը, կինոթատրոնը, նաև իր կացարանը, որտեղ կարող են բնակվել դպրոցում սովորելու ցանկություն հայտնած հեռավոր մարզերի աշակերտները, ինչպես նաև՝ համակարգչային սենյակներ, լաբորատորիաներ կգործեն:

Դպրոցը կունենա պարբերաբար նաև դրսից հյուրեր, ովքեր դասախոսություններով հանդես կգան: Սկզբնական շրջանում դպրոցում ուսուցման գործում չինական կողմը նաև աջակցություն կցուցաբերի: Ինչ վերաբերում է չինարենի մասնագետներին, ապա, ըստ Տ. Սահակյանի՝ Հայաստանում չինարեն լեզվի մասնագետներ մենք ունենք, պարզապես նրանց կօգնեն՝ մինչև հունի մեջ ընկնելը: «Մի խոսքով, շատ հետաքրքիր դպրոց է լինելու, որը նախատեսված է լինելու 600 և ավելի աշակերտների համար, որտեղ աշակերտը կարող է հիմնավոր կերպով սովորել չինարեն»,- ասաց Տ. Սահակյանը՝ ավելացնելով, որ չինական կողմի հետ բոլոր հարցերը հստակեցնելուց հետո կսկսվի դպրոցի շինարարությունը, ինչը, ըստ նրա՝ շատ չի ուշանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս