112 հազար եվրո պետական բյուջեից՝ «Եհովայի վկաներին»
ՀՀ Կառավարությունը իր վաղվա նիստում 112 հազար եվրոյին համարժեք գումար է հատկացնելու արդարադատության նախարարությանը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» N 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։
Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» թիվ 23978/06 գանգատով 2012 թվականի նոյեմբերի 27-ին կայացրած վճռի` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուներին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել`
1) 6,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ յուրաքանչյուր դիմումատուին` Հայկ Խաչատրյանին (առաջին դիմումատու), Տիգրան Աբրահամյանին (երկրորդ դիմումատու), Նարեկ Ալավերդյանին (երրորդ դիմումատու), Տարոն Այվազյանին (չորրորդ դիմումատու), Հարազատ Ազատյանին (հինգերորդ դիմումատու), Արթուր Չիլինգարովին (վեցերորդ դիմումատու), Վաղարշակ Մարգարյանին (յոթերորդ դիմումատու), Գագիկ Դավթյանին (ութերորդ դիմումատու), Բորիս Մելքումյանին (իններորդ դիմումատու), Վահե Գրիգորյանին (տասներկուերորդ դիմումատու), Գարեգին Մելքոնյանին (տասներեքերորդ դիմումատու), Աղվան Մհլամյանին (տասնչորսերորդ դիմումատու), Գերասիմ Մհլամյանին (տասնհինգերորդ դիմումատու), Հենրիկ Սաֆարյանին (տասնվեցերորդ դիմումատու), Շալիկո Սարգսյանին (տասնյոթերորդ դիմումատու), Արսեն Սևոյանին (տասնութերորդ դիմումատու) և Կառլեն Սիմոնյանին (տասնիններորդ դիմումատու)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում,
2) 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ բոլոր դիմումատուներին միասին` որպես դատական ծախսերի և ծախքերի փոխհատուցում:
Վճարման ընդհանուր գումարը կազմում է 112,000 եվրո:
Նշված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2013 թվականի փետրվարի 27-ին, հետևաբար, վճռի պահանջների կատարման վերջնաժամկետը 2013 թվականի մայիսի 27-ն է:
Դիմումատուները «Եհովայի վկաներ» կազմակերպության անդամներ են և ենթակա են եղել պարտադիր զինվորական ծառայության զորակոչի: «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2004թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտնելուց հետո` դիմումատուները դիմել են համապատասխան մարմիններին` պարտադիր զինվորական ծառայության փոխարեն այլընտրանքային ծառայություն անցնելու համար: Նրանց դիմումները բավարարվել են, և դիմումատուները ծառայությունը կրելու նպատակով տեղավորվել են տարբեր քաղաքացիական հաստատություններում:
2005թ. մայիս և հունիս ամիսներին դիմումատուները գրավոր նամակներ են ուղարկել ծառայության վայրերի տնօրեններին` հայտնելով, որ քանզի իրենց այլընտրանքային ծառայությունն իրականացվում է զինվորականների հսկողության ներքո, այն այլըտրանքային համարվել չի կարող և իրենք այլևս չեն կարող շարունակել ծառայությունը: Նրանք պահանջում են փոփոխել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որպեսզի նրանք կարողանան իրական այլընտրանքային ծառայություն անցնել: Նամակներն ուղարկելուց հետո դիմումատուները լքել են ծառայության վայրերը: 2005թ. հունիսին նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Տասնինը դիմումատուներից տասնչորսի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ հինգի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:
Կառավարության համապատասխան տեղեկանքին կարելի է ծանոթանալ այստեղ։