Արմեն Մարտիրոսյան. «Ոստիկանությունը և ԱԱԾ-ն միայն խաղաղ երթեր են կարողանում խոչընդոտել» (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/28 ընտրատեղամասում քվեարկեց Երևանի քաղաքապետի թեկնածու, «Բարև, Երևան» դաշինքի 1-ին համար Արմեն Մարտիրոսյանը:

«Բարև, Երևանի» ներկայացուցչից հատկապես հետաքրքրվեցին ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ «Ժառանգության» ստացած ահազանգերի մասին: Արմեն Մարտիրոսյանն էլ ի պատասխան պատմեց, թե ինչի ականատես է եղել երեկոյան, երբ քաղաքացիները խանութներում և բենզալցակայաններում առևտուր են արել 20 000 դրամանոցներով, և իրենք խանութների վաճառողները նույնպես չեն ժխտել, որ ամբողջ տարածքում ընտրակաշառք է բաժանվել: Հարցին, թե ինչո՞ւ «Բարև, Երևանը» չի ահազանգել այդ մասին ոստիկանությանը, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ոստիկանությունը դա գիտի: Եթե ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունն այդ հսկայական գումարները, որոնք բյուջեի կողմից տրվում են իրենց նաև օպերատիվ հետախուզական միջոցառումների համար…

Դիմելու խնդիր չկա, հայտարարությունները բազմաթիվ են, և հենց լրատվամիջոցներում տեղադրված են նաև կոնկրետ անուն ազգանուններ, վայրեր և այլն: Այնպես որ, ինչ-որ նորություն հայտնելու չկա: Ամբողջ Երևան քաղաքում բաժանվել է և համատարած է եղել, և ոչ ոստիկանությունը, ո´չ ազգային անվտանգության ծառայությունը, ցավոք սրտի, այդ լայնամասշտաբությունը չեն գրանցել… Իրենք միայն կարողանում են խաղաղ երթեր խոչընդոտել»:
Արմեն Մարտիրոսյանը, հաշվի առնելով, որ այսօր քվեարկության օր է, նշեց, որ չի կարող ասել, թե ո՞ր ուժերի կողմից է բաժանվել ընտրակաշառք:

Մեկ այլ հարցի, թե «Բարև, Երևանի»` ընտրախախտումների վերաբերյալ հայտարարությունից հետո իրավապահ մարմինները կապվել են իրենց հետ, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց այսպես. «Բացարձակ, կապվելու խնդիր էլ չեմ տեսնում, որովհետև այդ ամենն իրենց աչքի առջև է տեղի ունենում: Կապվեն, որ ի՞նչ անեն»:

Կարդացեք նաև

«Բարև, Երևանի» 1-ին համարին հարցրեցին նաև հետընտրական շրջանում ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորության մասին: Այս մասին Ա.Մարտիրոսյանն ասաց, որ բազմիցս շեշտել է ընտրություններից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից դաշինք կազմելու հնարավորության մասին, բայց միաժամանակ կարծիք հայտնեց, որ «համակարգային փոփոխություններ առաջարկող դաշինքը»  մեծ հնարավորություններ ունի նույնիսկ միայնակ մեծամասնություն կազմելու:
Իսկ ի պատասխան մեր դիտարկմանը, որ ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրերս հայտարարել էր, թե ՀԱԿ-ը հետընտրական դաշինք կազմելու առաջարկով դիմել է ընդդիմադիր մյուս ուժերին, սակայն «Բարև, Երևանի» կողմից դեռևս արձագանք չկա, նա ասաց. «Մենք ասում ենք, որ դա հնարավոր է, բայց նաև անհրաժեշտ է, որպեսզի քվեարկության փուլն անցնենք և տեսնենք` որ քաղաքական ուժն ինչպիսի դիրքորոշում և վարքագիծ է դրսևորում»:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս