Թրաֆիկինգի զոհերի հիմնական շարժառիթը լինում է գումար վաստակելը
Հայաստանում թրաֆիկինգի մասին պաշտոնական վիճակագրական տվյալներ գոյություն չունեն, փոխարենը՝ այս հանցատեսակի մասին ընդհանուր պատկերացումները հիմնվում են ՀՀ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ կառավարություն ներկայացրած զեկույցների վրա: Փորձագետների և պետական համապատասխան կառույցների իրավիճակային վերլուծությունները տարբեր են, հետևաբար՝ մարդկանց շահագործման միտումների վերաբերյալ գնահատականները նույնպես սուբյեկտիվ են: Հիշեցնենք, որ 168.am-ը ներկայացրել էր ՀՀ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԿՀԴՊ թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանի ներկայացրած փաստարկները, համաձայն որի՝ մեր երկրում թրաֆիկինգը զգալիորեն նվազել է: Ըստ Ռ. Գրիգորյանի ներկայացրած տվյալների՝ եթե 2007-2008թթ. թրաֆիկինգի դեպքերի հաճախականությունն այնպիսին էր, որ Հայաստանում արձանագրվում էր 10-20 զոհ (տուժած), ապա վերջին տարիներին զոհերի քանակը տատանվում է 1-2-ի միջև:
«UMCOR» (Միավորված մեթոդիստների օգնության կոմիտե), «ԱՄՔՈՐ Հայաստան» Բժշկական և թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգող Վիկտորիա Ավակովան ընդգծում է, որ միայն այս տարվա ընթացքում կազմակերպության կացարանում աջակցություն է ստանում թրաֆիկինգի վեց զոհ: Վերոնշյալ զոհերից բացի՝ կազմակերպությունն աջակցել է թրաֆիկինգի ենթարկված ևս երեք կնոջ և անչափահասների, ովքեր, սակայն, կացարանում չեն մնացել:
Միայն անցյալ տարի կազմակերպություն է դիմել 6 շահագործված. դրանք միանգամայն նոր դեպքեր են եղել: Ընդ որում՝ «ԱՄՔՈՐ Հայաստանի» ներկայացուցիչը փաստում է, որ թրաֆիկինգի ենթարկվածների հիմնական շարժառիթը եղել է գումար վաստակելը: «Թրաֆիկինգի դեպքերը չեն կարող նվազել, որովհետև մեր երկրում չեն վերացվել դրա դրդապատճառները՝ աղքատություն, գործազրկություն, արտագաղթ և այլն: Չնայած դրան՝ պետք է նշեմ, որ մեր պետական կառույցները շատ ակտիվ են աշխատում, իրոք, շատ մեծ աշխատանք է կատարվում, ոստիկանները պրոֆեսիոնալ են դարձել, միջերկրային կապերն են լավացել, զոհերի ռեպատրիացիան է կանոնակարգվել: Երբ համադրում ենք այլ երկրների հաշվետվությունները, համոզվում ենք, որ Հայաստանում հսկայական աշխատանք է կատարվել: Այնուամենայնիվ, թրաֆիկինգի պատճառները չեն վերացվել, և այս հանցագործության նվազման մասին խոսելը վաղ է»,- ասում է Վ. Ավակովան:
Թրաֆիկյորը չենթարկվող կնոջը պատուհանից գցել, մեջքը կոտրել էր
«ԱՄՔՈՐ Հայաստանի» կացարանում հայտնված թրաֆիկինգի ենթարկված բոլոր դեպքերը յուրովի ծանր են: Կազմակերպության ներկայացուցիչը հիշում է Դուբայում սեռական և աշխատանքային շահագործման ենթարկված մանկատան նախկին սան մի կնոջ, ով կացարան մուտք գործելուց հետո անգամ վախեցել է առհասարակ խոսել և իրեն ստրուկի նման է պահել: «Դեպք ունեինք, որ կնոջ գլխին այնպես էին խփել, որ գլխուղեղի ուռուցք էր առաջացել: Մի դեպք էլ ունեինք, երբ կինը չէր ենթարկվել՝ թրաֆիկյորը պատուհանից նրան դուրս էր գցել, մեջքը կոտրել էր: Այնտեղ ծնված երեխաներով զոհերի հետ շատ բարդ է, քանի որ շատ դեպքերում ընտանիքը չի ցանկանում ընդունել»,- ասում է Վ. Ավակովան:
Վերջին ժամանակաշրջանում փոխվել են նաև թրաֆիկինգի ենթարկվելու պատճառները. ներկայումս շատ են այնպիսի դեպքերը, երբ սեռական շահագործման զոհ են դառնում ընտանեկան անբարենպաստ, խարխլված հարաբերությունների պայմաններում ապրող կանայք և աղջիկները: Այլ կերպ ասած՝ ընտանիքից հեռանալու, տանից դուրս գալու ցանկությունը հաճախ ավարտվում է թրաֆիկինգի զոհ դառնալու երևույթով: «ԱՄՔՈՐ Հայաստան» հ/կ-ն 2004 թվականից աջակցում է թրաֆիկինգի զոհերին՝ նրանց ապաստան տրամադրելով կազմակերպության կացարանում:
Նրանց տրամադրում է անհրաժեշտ բժշկական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական և վերաինտեգրման աջակցություն՝ համագործակցելով սոցիալական աշխատողների, զբաղվածության գործակալությունների, իրավապահ մարմինների հետ: Դրանից բացի, կազմակերպությունն իրականացնում է թրաֆիկինգի հասարակական իրազեկվածության մակարդակի բարձրացման կանխարգելիչ միջոցառումներ: Թրաֆիկինգի զոհերի պաշտպանությամբ, վեինտեգրացիայով զբաղվող այս կազմակերպության գերխնդիրը զոհակենտրոն մարտավարությունների ձևավորումն է, որի շրջանակներում զոհերի իդենտիֆիկացիայով զբաղվող պետական համապատասխան կառույցներին ներգրավում է միջազգայնորեն ընդունված վարվելակերպը կիրառելու մեջ. մարտավարության սկզբունքը մարդու իրավունքների պաշտպանությունն է:
«Կացարանը կոնֆիդենցիալ կենտրոն է, որտեղ թրաֆիկինգի զոհերը կամավոր են դիմում, բավականին ապահով են իրենց զգում, տարբեր աջակցություններ են ստանում՝ բժշկական, հոգեբանական, իրավաբանական, ապահովվում են կենցաղային բոլոր անհրաժեշտություններով և կացարանում գտնվելու ընթացքում մասնակցում են քննչական պրոցեսներին, դատավարություններին՝ մեր կենտրոնի տրամադրած փաստաբանի մասնակցությամբ: Մենք նաև ապահովում ենք նրանց անվտանգությունը»,- ասում է Վ. Ավակովան՝ հավելելով, որ, թեև կացարանում թրաֆիկինգի զոհերը մնում են ժամանակավոր, այդուհանդերձ, հաշվի առնելով դեպքերի առանձնահատկությունները, այնտեղ ապրելու ժամկետների սահմանափակում չկա:
Թրաֆիկյորները կարող են վնասել զոհերի ընտանիքի անդամներին
«ԱՄՔՈՐ Հայաստան» հ/կ-ի Բժշկական և թրաֆիկինգի դեմ պայքարի ծրագրերի համակարգողը վստահեցնում է, որ թրաֆիկինգի զոհերը հիմնականում խնդիր են ունենում՝ իրենց ընտանիք, միջավայր վերադառնալու հետ կապված, քանի որ հաճախ, մասնավորապես՝ սեռական շահագործման ենթարկված կնոջը չեն ցանկանում ընդունել ընտանիքը, հարազատները: Նա հիշում է, որ երկու տարուց ավելի կացարանում բնակվել է մանկատան շրջանավարտներից թրաֆիկինգի ենթարկված մի աղջիկ, ով պարզապես գնալու տեղ չի ունեցել:
«Վերջերս տենդենց կա, որ թրաֆիկյորների ձեռքն ընկնում են ընտանեկան բռնությունների ենթարկված կամ ընտանիքի հետ կոնֆլիկտ ունեցող աղջիկները, ովքեր փորձում են ինքնուրույն ապրել կամ վաստակել»,- ասում է Ավակովան՝ ընդգծելով, որ թրաֆիկինգն ուղիղ կապ ունի երկրում տիրող գործազրկության հետ:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռ. Գրիգորյանը՝ հակադարձելով մեր այդ դիտարկմանը, շեշտել էր, թե թրաֆիկինգը բնորոշ է անգամ զարգացած եվրոպական երկրներին, որտեղ զբաղվածության խնդիր չկա:
«ԱՄՔՈՐ»-ի ներկայացուցիչը, հաշվի առնելով թրաֆիկինգի զոհերի՝ իրենց փորձն ու բնույթը, հավատացնում է, որ Հայաստանում թրաֆիկինգի հիմնական պատճառ է հանդիսանում գործազրկությունը. «Բնականաբար, գումար վաստակելու նպատակով են ընկնում թրաֆիկյորների ճանկը, այլ ոչ թե՝ արկածախնդրությունից: Առավել հեշտ է գյուղերի աղջիկներին գցել ծուղակը՝ զգեստ գնելով, այլ երկիր տեղափոխելու ճոխ խոստումներով, որոնք կարիքի մեջ են հիմնականում և ուշադրության պակաս ունեն: Ի դեպ, թրաֆիկյորները մանրակրկտորեն հաշվի են առնում յուրաքանչյուր մանրուք, իսկ հավաքագրողները գիտեն՝ որտեղ որս փնտրեն: Նրանք հիմնականում խաղում են մարդու խնդիրների վրա, գիտեն՝ ում ինչպես «սեղմել»»:
Թրաֆիկյորների ցանցն ընդհանրապես համարվում է բարդ հայտնաբերելի, քանի որ նույնիսկ զոհերը վախենում են իրավապահ մարմինների հետ համագործակցությունից՝ հաճախ նույնիսկ սպառնալիքների տակ ցուցմունքները փոխելով: «ԱՄՔՈՐ»-ի ներկայացուցիչը վստահեցնում է, որ զոհերը՝ չունենալով պաշտպանություն, վախենում են առհասարակ խոսել: Վ. Ավակովան հիշում է, որ սեռական շահագործման ենթարկված մի կին ստիպված է եղել ցուցմունքը փոխել՝ դրսից ընտանիքի անդամների կյանքին վտանգ սպառնալու պատճառով:



