Բաժիններ՝

ՍԴ-ն կվերսկսի հետաձգված դատաքննությունը

Մայիսի 7-ին Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության կառնի «Ծիծեռնակ-8» ՍՊԸ դիմումի հիման վրա գործը: Դիմումատուն վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածների, ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի սահմանադրականությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7-րդ հոդվածի` վճռաբեկ բողոքը վերադարձնելը, 2-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում։ Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։

ՀՀ դատական օրենսգրքի վիճարկվող 91-րդ հոդվածը սահմանում է դատավորի ինքնաբացարկի հիմքերը:

ՀՀ հողային օրենսգրքի 75-րդ հոդվածը ամրագրում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման կարգը:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածները համապատասխանաբար վերաբերում են պետական կազմակերպության սեփականությանը և պետական կազմակերպությանն ամրացված գույքին:

Գործով զեկուցողը ՍԴ անդամ Կիմ Բալայանն է, որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է վիճարկվող օրենսդրությունն ընդունած Ազգային ժողովը:

Այս գործի դատաքննությունը նախապես նշանակված էր մարտի 19-ին, սակայն ՍԴ-ն, գործով լրացուցիչ նյութերի համակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությունից ելնելով, որոշեց այն հետաձգել՝ լրացուցիչ նյութեր պահանջելով Երևանի քաղաքապետարանից և ՀՀ դատական դեպարտամենտից: Խոսքը, մասնավորապես, ՍԴ-ում քննվող գործի առնչությամբ քաղաքապետի 2000թ.-ի հոկտեմբերի 4-ի որոշման և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2001թ.-ի սեպտեմբերի 12-ի վճռի մասին է:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս