Օդանավում լեզվակռիվ է տեղի ունեցել թուրք կին նախարարի ու պատգամավորի միջև
Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների միջև լարվածությունն այնքան մեծ է, որ արտացոլվում է անգամ օդում:
Նշվում է, որ նույն օդանավում են հայտնվել Սոցիալական քաղաքականության ու ընտանեկան հարցերով նախարար Ֆաթմա Շահինը և ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր(ուհի) Այլին Նազլըաքան:
Նրանց միջև բռնկվել է լեզվակռիվ, ինչի մասին հայտնի է դարձել մամուլին: Դրանից հետո կողմերը հանդես են եկել առանձին հայտարարություններով: Նազլըաքան հայտարարել է, որ օդանավում անմիջապես չի նկատել նախարարին, ինչի համար էլ քիչ ավելի ուշ է ողջունել նրան, սակայն ի պատասխան, ստացել է վիրավորանք:
Պատգամավորի խոսքերով՝ նախարարն իրեն ասել է. «Դու ո՞վ ես: Ի՞նչ է, դու քեզ պատգամավոր ե՞ս համարում»: Ֆաթմա Շահինը, սակայն, հերքել է այս տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ընդհանրապես չի վիրավորել ոչ ոքի: Նա հավելել է, որ ԺՀԿ-ական պատգամավորը միտումնավոր է նման տեղեկություններ տարածել, որպեսզի հայտնվի հասարակական ուշադրության կենտրոնում: