Ադրբեջանը հատեց իր իսկ սահմանած «կարմիր գիծը». EurasiaNet
EurasiaNet-ի կայքում հրապարակվել է ադրբեջանցի անկախ լրագրող Շահին Աբբասովի. «Ադրբեջան. Դիվանագիտական այցն Իսրայել հարուցել է Իրանի դժգոհությունը» հոդվածը, որում ասվում է.
«Ապրիլի վերջին Ադրբեջանը հատեց իր հարավային հարևան Իրանի հետ հարաբերություններում իր իսկ սահմանած «կարմիր գիծը»՝ իր արտգործնախարար Էլմար Մամեդյարովին ուղարկելով Իսրայել, որը հանդիսանում է Իրանի երդվյալ թշնամին: Այդ քայլի շարժառիթները և ժամկետի ընտրությունը լիովին հասկանալի չեն, սակայն Թեհրանը, ըստ էության, դեռ չի շտապում Բաքվի այդ քայլին պատասխանելու համար:
Թեև Ադրբեջանն ու Իսրայելը շատ տարիների ընթացքում պահպանում են ամուր դիվանագիտական, տնտեսական ու ռազմական հարաբերություններ, ապրիլի 21-24-ին Մամեդյարովի այցը Թել Ավիվ դարձավ առաջին դեպքը Ադրբեջանի Նախարարների կաբինետի նման բարձր կարգի անդամի մակարդակով:
Կարծես թե, հիշելով Իրանի մասին՝ Ադրբեջանի ԱԳՆ-ը որոշել էր այդ այցի նկատմամբ չկիրառել «պաշտոնական» բառը: Դրա փոխարեն, նախարարը փորձեց այդ այցը ներկայացնել որպես այց՝ կատարված ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ Ադրբեջանի գործառույթների իրականացման շրջանակներում:
Սակայն դրա հետ մեկտեղ այդ այցը կրել է պաշտոնական այցի բոլոր ցուցիչները: Ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն Մամեդյարովը հանդիպել է Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Մոշե Յաալոնի, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց հետ:
Այցի արդյունքներով կազմվեց հայտարարություն, որում նշված էր Իսրայելում սեփական դեսպանատուն բացելու Բաքվի մտադրության մասին: Ապրիլի 26-ին Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Մամեդյարովը հայտարարեց, որ դեսպանատան բացումը ժամանակի հարց է:
Իրանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները երբեք էլ սերտ չեն եղել, սակայն Բաքուն նախկինում ցուցաբերել է զգուշավորություն՝ շատ չչարաշահելու համար իր ազդեցիկ հարևանի համբերությունը: Մասնավորապես, Իսրայելի կառավարության հանդեպ Թեհրանի թշնամական վերաբերմունքը ոչ պաշտոնական թաբու է դրել ադրբեջանցի պաշտոնատար անձանց իսրայելական այցերի վրա:
Դա պահպանվում էր նվազագույնը նախկին նախագահ Հեյդար Ալիևի ղեկավարման ժամանակվանից: Այդ ֆոնին Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով նախկին խորհրդական Վաֆա Գուլուզադեն Մամեդյարովի իսրայելական այցը որակել է որպես «հեղափոխական»:
Ինչո՞ւ Բաքուն որոշեց տվյալ «հեղափոխական» քայլը կատարել հենց հիմա, անհայտ է մնում: Իրանը որակելով որպես «տարածաշրջանի մեծագույն սպառնալիք»՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը չթաքցրեց, որ Իրանի հարցը եղել է Մամեդյարովի հետ քննարկած թեմաների թվում:
Եթե Իրանը փնտրել է Ադրբեջանին իր տեղը դնելու հնարավորություն, ապա նա դեռ չի օգտվել դրանից. Իրանի իշխանություններռ դեռ հրապարակավ ոչ մի կերպ չեն արձագանքել Մամեդյարովի այցին Իսրայել»:
Հիշեցնենք, որ Մամեդյարովի իսրայելական այցից անմիջապես հետո Թեհրան մեկնեց Ադրբեջանի Անվտանգության խորհրդի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլի գնահատականով՝ Մեհթիևն Իրանում պարզաբանումներ է տվել Մամեդյարովի իսրայելական այցի կապակցությամբ: Դրանից հետո Իրանում սկսվեցին Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալություններ, ինչի պատճառով Ադրբեջանի ԱԳՆ-ը բողոքի նոտա հղեց Իրանին: