Ադրբեջանի ԳԱԱ աշխատակիցներից մեկը ձերբակալվել է Իրանում
Оyannews-ի փոխանցմամբ՝ Ադրեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի Նիզամիի անվան Գրականության ինստիտուտի գիտաշխատող, արևելագետ Խալիդա Խալիդը ձերբակալվել է Թավրիզում:
Խալիդը ձերբակալվել է ապրիլի 30-ի գիշերը՝ Իրանի հետախուզության, անվտանգության ու տեղեկատվության նախարարության (ETTELAAT) աշխատակիցների կողմից:
Բացի այդ, հաղորդվում է Ադրբեջանի Հանրապետության ևս մեկ քաղաքացու և 4 ադրբեջանցի ակտիվիստի ձերբակալման մասին: Նշվում է, որ Ադրբեջանի Հանրապետության այդ քաղաքացին, որի անունը Շամախ է, եղել է Խալիդի օգնականը:
ETTELAAT-ի աշխատակիցները Խալիդին ու Շամախին ձերբակալել են ակտիվիստ Մուհամեդ Ռաշիդի տանը՝ առգրավելով նաև գրքեր, համակարգիչներ և մի շարք այլ իրեր: Ներկա դրությամբ ձերբակալվածների գտնվելու վայրը հայտնի չէ:
Մյուս ձերբակալվածներից երկուսը գրողներ են, իսկ մեկը՝ Թավրիզի համալսարանի ուսանող: Ադրբեջանական ընդդիմադիր մամուլն այս կապակցությամբ գրել է, որ Իրանը Ռամիզ Մեհթիևի այցից հետո Ադրբեջանին հասցնում է առաջին հարվածը: