
Ռամիզ Մեհթիևը Թեհրանում պարզաբանումներ կտա Մամեդյարովի իսրայելական այցի կապակցությամբ. Turan

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի և միաժամանակ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը մեկնել է Թեհրան:
Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մեհթիևը բանակցություններ է վարելու Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Սայիդ Ջալիլիի հետ: Բացի այդ, Մեհթիևը մի շարք հանդիպումներ է ունենալու իրանցի պաշտոնատար անձանց հետ:
Մեհթիևի իրանական այցի նպատակների ու օրակարգի մասին ոչինչ չի հաղորդվում: Ամենայն հավանականությամբ, Մեհթիևը պարզաբանումներ է տալու Թեհրանում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի իսրայելական այցի պատճառների մասին:
Հայտնի է, որ Թեհրանը կտրականապես հանդես է գալիս Թել Ավիվի հետ Բաքվի շփումներին և քանիցս սպառնացել է պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ:
Այդ պատճառով էլ Մամեդյարովի պաշտոնական այցն Իսրայել Իրանում ընկալվել է որպես բաց մարտահրավեր: Կարելի է չկասկածել, որ Մեհթիևին սպասում են բարդ բանակցություններ: