
Վերջին 10 տարում աշխարհում սպանվել է ավելի քան 600 լրագրող. Պան Գի Մուն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հանդես է եկել հատուկ ուղերձով՝ կապված մայիսի 3-ին Մամուլի համաշխարհային օրվա հետ: Ուղերձում ասվում է, որ ազատ արտահայտվելն այն հիմնարար իրավունքներից մեկն է, որը շարադրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածում.
«Միևնույն ժամանակ աշխարհում ամեն օր հարձակումներ են գործում լրագրողների ու ԶԼՄ-ների աշխատակիցների վրա: Կառավարությունները, կորպորացիաները, հանցագործ աշխարհը և այլ ուժեր, որոնք ցանկանում են հարկադրել նրանց լռել կամ գրաքննություն անցկացնել, ահաբեկում, սպառնում են նրանց և բռնություններ են գործադրում նրանց նկատմամբ:
Լինի դա ավանդական ԶԼՄ-ներ, ինչպիսիք են ռադիոն, հրատարակչությունը և հեռուստատեսությունը, կամ էլ գնալով ավելի հանրաճանաչ դարձող նոր ԶԼՄ-ներ, ինչպիսիք են սոցցանցերը, բլոգները և իրենց՝ քաղաքացիների ռեպորտաժները, միևնույն է՝ լրագրողներն ամենուրեք ավելի հաճախ են հայտնվում ռիսկային գոտում:
Վերջին տասնամյակում սպանվել է ավելի քան 600 լրագրող, որոնցից նվազագույնը 120-ը՝ միայն նախորդ տարում: Ձերբակալվել են հարյուրավոր լրագրողներ: Այդ սպառնալիքները չեն կրում միայն ֆիզիկական բնույթ, օրինակ՝ կիբեր հարձակումները: Ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ չափազանց շատ խախտում գործածների է հաջողվում խուսափել պատժից:
Նշելով Մամուլի ազատության համաշխարհային օրը՝ եկեք խոստանանք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի բոլոր ԶԼՄ-ների բոլոր լրագրողները կարողանան կատարել իրենց աշխատանքները: Երբ հնարավոր է լինում խոսել առանց վախի, դրանից շահում են բոլորը»: