
Էրդողանը հուսով է քրդերի հետ խաղաղության գործընթացն ավարտել մինչև 2014 թվականը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ ներկայացրել է 2014 թվականի հետ կապված պլանների մանրամասներ: 2014 թվականին Թուրքիայում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների և նախագահական ընտրություններ:
Դրա հետ կապված՝ Էրդողանն ընդգծել է, որ ցանկանում է թուրք-քրդական խաղաղության գործընթացն ավարտին հասցնել մինչև 2014 թվականը. «2014 թվականը լինելու է ընտրությունների տարի, որոնց արդյունքներն առանցքային կլինեն Թուրքիայի համար:
Նախ մարտին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ապա տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: Ակնկալվում է, որ նախագահական ընտրությունները, մեր Սահմանադրության համաձայն, անցկացվելու են տարվա կեսերին:
Միևնույն ժամանակ մենք պլանավորում ենք հանրաքվեի դնել նոր Սահմանադրությունը: Մեզ սպասում է շատ հագեցած ծրագիր: Մենք ցանկանում ենք (քրդերի հետ տարվող) խաղաղության գործընթացն ավարտին հասցնել մինչև 2014 թվականը: Մենք կավարտենք այդ գործընթացը, որով և կվերացնենք տնտեսության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականության զարգացման առջև կանգնած մեծ խոչընդոտը»: