Ռուբեն Հակոբյան. Ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները

ԱԺ «Ժառանգություն» խմբակության ղեկավար Ռուբեն Հակոբյանի  հայտարարությունը ԱԺ-ում:

«Հայաստանի Հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհի պայմաններում, որն, ըստ էության, դարձել է պետության զարգացման թերևս գլխավոր խոչընդոտը,  Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն: Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ և այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաև քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության մենաշնորհը վերարտադրելուն` ընդդեմ պետության բնականոն զարգացման և ընդդեմ քաղաքական մենաշնորհի տիրույթից դուրս գտնվող մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության:

Իրականությունն այն է, որ, կարծես թե, պետության կենսագործունեության գլխավոր նպատակն է ապահովել նշված քաղաքական մենաշնորհի տիրույթում գտնվող խմբերի և անհատների, նրանց հարազատների ու մտերիմների բարեկեցիկ և անհոգ կյանքը:

Ըստ էության, հանցագործներն ու հանցագործություններն էլ են մենաշնորհվել օրվա իշխանության կողմից: Չեմ կարծում, որ որևէ մեկի համար գաղտնիք է, որ վերջերս Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից մեկ հիմնական և գլխավոր նպատակով` նրանց  միջոցով վերարտադրելու և ապահովելու իրենց մենիշխանությունը: Կարող եմ շարունակել այս մենիշխանության բերած դժբախտությունների ցանկը, բայց ընդամենը ուզում եմ մեկ բարեկամական խորհուրդ տալ այսօրվա քաղաքական մենաշնորհների տերերին ու սպասավորներին.

Անգլիական իմաստնությունը ասում է, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական: Մեր դեպքում այսօրվա մենաշնորհների տերերը, կարծում եմ՝ պետք է սովորեն այս քաղաքական մենաշնորհները ձևավորողների սխալներից, ովքեր օրինաչափորեն այսօր հայտնվել են իրենց իսկ կողմից ձևավորած համակարգի դաժան թրթուրների տակ, որից, չեմ կարծում, որ նրանք մեծագույն հաճույք են ստանում: Եվ այդ նույն ճակատագիրը սպասվում է բոլոր նրանց, այդ թվում նաև Ձեզ, ովքեր կշարունակեն գայթակղվել այս հակասահմանադրական համակարգից:

Այսօր, հանգամանքների բերումով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական կամքի և ազնիվ, շիտակ համագործակցության դեպքում կարող են միասնաբար կանգնեցնել ձևավորված քաղաքական մենաշնորհի ընթացքը: Խոսքը չի վերաբերում անձերին ու անհատներին, խոսքը վերաբերում է իշխանության քաղաքական մենաշնորհի ընթացքի կասեցմանը: Եվ դա հնարավոր է այն դեպքում, որ ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները և միասնական ճակատով ու համապատասխան մեխանիզմներով պայքարեն՝ Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար:

«Բարև Երևան» դաշինքը պատրաստ է լինել այդ ուժերից մեկը՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ Երևանի ավագանին ձևավորելուց հետո»:

Տեսանյութեր

Լրահոս