Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի գաղտնիքը

Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան ավելի պարզորոշ են դառնում այդ ընտրությունների արդյունքների մասով իշխանության սցենարները: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ոչ թե ընտրությունների իրական արդյունքներին, այլ այն պատկերին, որը պետք է արձանագրի իշխանության ընտրական մեքենան:

Այդ սցենարներում, բնականաբար, առաջին տեղում ՀՀԿ-ն է, այսինքն՝ Տարոն Մարգարյանի քաղաքապետ դառնալը և հիմնական ինտրիգը վերաբերում է երկրորդ տեղին, որը կարծես թե իշխանությունը ցանկանում է վերապահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Դա զգացվում է ոչ միայն ԲՀԿ-ի պահվածքից, այլ նաև վերջինիս նկատմամբ հանրապետականների ընդգծված քննադատությունից: Բազմիցս առիթ ունեցել ենք նշելու, որ, երբ նախընտրական փուլում ՀՀԿ-ականները սկսում են քննադատել որևէ քաղաքական ուժի կամ գործչի, նրա վարկանիշը միանշանակ աճում է: Այսքանը հասկանում են նաև ՀՀԿ-ում, ուստի, եթե հասկանալով շարունակում են քննադատել, ապա նշանակում է՝ խնդիր է դրված նպաստել ԲՀԿ-ի ընդդիմադիր վարկանիշի բարձրացմանը:

Թե ինչ նպատակով և ինչի դիմաց է իշխանությունը նման «մեծահոգություն» ցուցաբերում ԲՀԿ-ի նկատմամբ, ավելի առարկայական կերևա առաջիկա զարգացումների արդյունքում: Բայց ԲՀԿ-ի՝ երկրորդ տեղում հայտնվելու հեռանկարն ուշագրավ է ոչ իշխանական ուժերի կողմից ընտրությունների օրինականությունը միասնաբար վերահսկելու հայտարարությունների համատեքստում: Գաղտնիք չէ, որ այդ գործընթացի գաղափարական և ֆինանսական նախաձեռնությունը պատկանում է ԲՀԿ-ին, այսինքն՝ այն ընթանալու է վերջինիս առանցքի շուրջ: Ու հարց է առաջանում. ենթադրենք՝ ԲՀԿ-ի հովանու ներքո ընտրությունների օրը գործեց միասնական շտաբ, արձանագրեց բոլոր ընտրախախտումները, ի՞նչ է լինելու հետո:

Այլ կերպ ասած՝ արդյո՞ք այդ արձանագրված ընտրախախտումներն օգտագործվելու են ընտրությունների անօրինական ընթացքը բացահայտելու, դրանց արդյունքները բողոքարկելու համար, թե՞ ոչ: Այս հարցը շատ կարևոր է՝ հաշվի առնելով անցած խորհրդարանական ընտրություններ նախադեպը: 2012 թվականի մայիսին ևս մեծ շուքով ազդարարվեց միասնական շտաբի մասին, ԲՀԿ-ն յուրաքանչյուր տեղամասում տեսախցիկ տեղադրեց, ընտրությունների օրը շտաբի գրասենյակ եկավ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը, բայց արդյունքում՝ որևէ շոշափելի քայլ  չարվեց:

Այդպես էլ հայտնի չդարձավ, թե ինչ եղան ԲՀԿ-ական տեսախցիկների արձանագրած օրինախախտումների տեսանյութերը, բացի ընտրությունների անօրինական ընթացքի վերաբերյալ մի քանի հայտարարություններից, այդ շտաբի աշխատանքը որևէ իրավական հետևանք չունեցավ: Այն պարզ պատճառով, որ ԲՀԿ-ին բավարարեց խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցություն ձևավորելու համար ձայների քանակը:

Մեծ հաշվով, հենց ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ստեղծված այդ միասնական շտաբը դարձավ 2012 թվականի խորհրդարանական կեղծված ընտրությունների լեգիտիմացման հիմնական երաշխիքը: Հիմա գրեթե նույն իրավիճակն է նաև Երևանի ավագանու ընտրությունների պարագայում: Դեռևս հայտնի չէ՝ ֆորմալ, կառուցվածքային առումով միասնական շտաբ կգործի՞, թե՞ ոչ, սակայն, անգամ եթե չգործի էլ, քաղաքական հայտարարությունների մակարդակով, ըստ ամենայնի, կկազմակերպվի ընտրությունների  ընթացքի միասնական վերահսկողություն:

Բայց ողջ հարցն այն է, թե ինչպես իրեն կդրսևորի ընտրությունների հաջորդ օրը ԲՀԿ-ն՝ զբաղեցնելով երկրորդ տեղը Երևանի ավագանիում: Այլ կերպ ասած՝ արդյոք ԲՀԿ-ն բողոքի ակցիաներ կկազմակերպի՞, կվիճարկի՞ ընտրությունների արդյունքները, թե՞ լղոզված մի քանի հայտարարություններով այս փուլը կհամարի ավարտված: Այս հարցի պատասխանը չգիտի որևէ մեկը, թերևս, բացառությամբ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի, ովքեր, ըստ մամուլում հրապարակված և չհերքված տեղեկությունների, իրենց վերջին հանդիպման ժամանակ մայիսի 5-ի ընտրությունների հետ կապված որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել:

Բացառված չէ, որ այդ պայմանավորվածությունները գաղտնի պահվեն անգամ Սարգսյանի ու Ծառուկյանի մերձավորների համար՝ ընտրությունների ինտրիգը պահպանելու նպատակով: Իշխանությանն ընտրություններից հետո պետք է ԲՀԿ-ի լռությունը, քանի որ, ինչպես ցույց տվեցին հետընտրական իրադարձությունները, «Ժառանգության» աղմուկն անվնաս է: Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսին, ապա վաղուց ԲՀԿ ասելով, ինչպես հայտնի ֆիլմում,   քաղաքական դաշտին քիչ թե շատ ծանոթ  մարդիկ հասկանում են նաև՝ «ՀԱԿԿ-ն էլ հետը»:

Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի՝ երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը կարող է որոշակիորեն արտացոլվել նաև անմիջապես ընտրություններից հետո ձևավորվելիք նոր կառավարության կազմի վրա: Բացառված չէ, որ «լռություն՝ երկրորդ տեղի դիմաց» օպերացիայի արդյունքում ԲՀԿ-ն մի քանի պորտֆել ստանա կառավարությունում:

 

Տեսանյութեր

Լրահոս