Վահագն Խաչատրյան. Հյուսիսային պողոտան փողերի լվացման տեղ է
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում շարունակվում է «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած բանավեճը՝ «Ինչ է ուզում Երևանի բնակիչը։ Ինչ ծրագրեր ունեն կուսակցությունները» թեմայով, որին ներկա են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակները գլխավորող անձինք, բացի ՀՀԿ թեկնածուից։
ՀԱԿ քաղաքապետի թեկնածու Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով մայրաքաղաքի ճարտարապետական տեսքին, ասաց. «Երևանում կան շենքեր, որոնք ոչ մի ձևով չեն ընդունվում: Շենքեր կան, որ շունչդ կտրվում է: Երևանը սիրող մարդու համար միանշանակ է, որ կենտրոնի այլանդակությունը պետք է վերացվի: Ես անձերի անուն քիչ եմ տալիս. բայց մեկի անունը, ով ճարտարապետության համար պատասխաատու է ես կտամ: Խոսքս Նարեկ Սարգսյանի մասին է, ով հիվանդագին մտածողություն ունի Երևանի կենտրոնը վերացնելու առումով:
Ես տեսել եմ, թե ո՞նց են Հայաստան հրավիրված ճարտարապետները նախկինում հատ-հատ նկարում մեր շենքերը»:
Վ. Խաչատրյանը նշեց, որ իշխանությունը, հավանաբար, «կանաչ չի սիրում», որովհետև «ուզում են ասել կենտրոնը Հյուսիսային պողոտան է , իսկ ես դա չեմ ընդունում»:
Վահանգն Խաչատրյանի խոսքով, Հյուսիսային պողոտան բիզնեսի տեսակետից անգամ բիզնես չէ, այլ փողերի լվացման տեղ:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյան համաձայնեց, Վ. Խաչատրյանի հետ, որ Երևանի հին գաղափարը վերացել է: Նա, համեմատելով Երևանը Թբիլիսիի հետ՝ խոստովանեց, որ Թբիլիսիից վերադառնալիս ինքն իր «ներսից» բարկանում է՝ տեսնելով մայրաքաղաքի շինությունները:
Հարցին, թե ի՞նչ պետք է անել, պետք է քանդե՞լ այդ շինությունները, Վ. Օսկանյանն ասաց, թե դա նուրբ խնդիր է ու ողջամիտ պետք է վերաբերվել.
«Պետք է մի գիծ քաշենք ու վստահ լինենք, որ դրանից հետո չի խախտվի և նոր միայն մտածել մեր կորցրածը վերագտնելու մասին: Իսկ եթե քաղաքապետարանի որոշում է եղել, ես կարծում եմ, որ կառույցին կարելի է առանձնակի մոտեցում ցուցաբերել»:
ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաև աղբահանության խնդրին ու նշեց, որ «Հայաստանում աղբահանության մաֆիա է գործում», որովհետև կա մի սարդոստայն, որի մեջ հսկայական գումարներ են նեռաված՝ «ատկատներով, ամեն ինչով»:
Ըստ Ա. Ռուստամյանի՝ աղբահանությունը մեծ բիզնես է ու բիզնեսի տերերին ձեռք չի տալիս, որ որևէ մի ընկերություն աղբի մշակման կամ վերացման փորձ առաջարկի. «Ասելու են, թե եկան ընկերություններ, բայց չհավանեցին: Նման բան չկա՝ պարզապես թույլ չեն տա՝ հնարավոր չէ: Հայաստանում ամեն ինչ բաշխված է մի քանի ընտանիքների միջև»:
Արմեն Ռուստամյանը հավաստիացնում է, որ խնդիրները լուծել կարելի է միայն արդարության սկզբունքով՝ առանց երկակի մոտեցման: Ըստ նրա՝ «ընդհանուր գործող կանոնի վերևում հանկարծ պետք է չպարզվի, որ վերևում մարդիկ կան»: