Աշոտ Մանուչարյանը` ընդդիմադիր ուժերի մասին. «Ամեն մեկն ուզում է պնդել, որ ամենաբոյովը, ամենագեղեցիկը, ամենահմայիչն ինքն է»
«Քաղաքական, ընդդիմադիր ուժերը` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ դրանց մեջ, ի վիճակի չեղան անել մի տարրական բան` մեկ միասնական հանրահավաք»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` հետընտրական զարգացումների համատեքստում դիտարկելով մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները:
«Երևան ասելով` ես նկատի չունեմ միայն քաղաքապետարանի գործունեությունը, հայաստանյան ամբողջ կողոպուտի համակարգը կենտրոնացված է Երևանում, հիմնական կողոպուտն այստեղ է որոշվում ու կատարվում, և եթե նրանք այդպիսի բանաձևերով մի հավաք կազմակերպեին, կլիներ Երևան քաղաքի ժողովրդի հսկայական մոբիլիզացիա, և իրենք միանշանակ կհաղթեին, միանշանակ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
«Բայց անգամ հաղթանակի հեռանկարը չի կարողանում թույլ տալ, որ այդ ուժերը իրար մի փոքր զիջում անեն, մեկը լինի սպասարկողի, կազմակերպողի դերում և ասի` «ես բոլորից բոյովը չեմ»: Ամեն մեկն ուզում է պնդել, որ ամենաբոյովը, ամենագեղեցիկը, ամենահմայիչն ինքն է, որովհետև մի վայրկյանով անգամ մի բան հանձնել ուլա, դա համարվում է ողբերգություն»,- շարունակեց Մանուչարյանը: Այս երևույթը նա համարում է այն արատավոր համակարգի հետևանքը, որը Հայաստանն ընդօրինակել է Արևմուտքից, որի նպատակը քաղաքական ուժերի միջև անհեթեթ մրցակցությունն է, իսկ սրա հետևանքը, ըստ Մանուչարյանի, եղավ այն, որ էապես թուլացված են ընդդիմության հնարավորությունները քաղաքում: Բայց մյուս կողմից` Աշոտ Մանուչարյանը նշեց, որ տեսնում է որոշակի հնարավորություն ընդդիմության հաջողության համար:
«Սա դեռ չի նշանակում… Ժողովուրդը մի քիչ բարդ բան է, պարզվեց. ես ինքս սխալվել եմ նախագահական ընտրությունների վերաբերյալ գնահատական տալուց, որովհետև համարում էի, որ ժողովրդի նողկանքի աստիճանը քաղաքական համակարգի նկատմամբ այնպիսին է, որ ինքը կարող է այս անգամ չօգտվել առիթից` օգտագործել ընտրությունները` որպես իր կյանքը փոխելու լծակ: Բայց ես սխալվեցի, ժողովուրդը վերցրեց նախագահական ընտրությունների այդ դեն նետած մի բանը և վերածեց իր համար հարցերը լուծելու մի լծակի: Հիմա վաղը կարող է նույն բանը տեղի ունենալ Երևանում, մանավանդ երբ իշխանական համակարգն էլ մի այնպիսի հիմարություններ, որ ամեն վայրկյան կարող է ընդզվում տեղի ունենալ, որը բերի ծանր հետևանքների իշխանական համակարգի համար»,-ավելացրեց Աշոտ Մանուչարյանը: