Մեծ Բրիտանիան մտադիր է Պարսից ծոցի տարածաշրջանում ուժեղացնել իր «ստվերային» ներկայությունը. զեկույց
Russia Today-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան պլանավորել է մեծացնել իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում՝ վերականգնելով տարածաշրջանում իր նախկին դիրքերը: Բրիտանական կայսրության արտաքին քաղաքականությանը վերադարձ կատարելու պատճառների թվում նշվում են «Արաբական գարունը» և Իրանի միջուկային զենքի հետ կապված ահը:
Բրիտանական Պաշտպանական հետազոտությունների թագավորական միասնական ինստիտուտը (RUSI) հրապարակել է «Վերադա՞րձ Սուեզից արևելք. Մարտական ծավալում Պարսից ծոցում» զեկույցը:
Կենտրոնի փորձագետները, վերլուծելով Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունում առկա շրջադարձը, եկել են այն եզրակացության, որ դրա պատճառը Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձություններից բխող ահն է:
Ընդգծվում է, որ Պարսից ծոցի շրջանում զորքերի քանակի մեծացումն ընդհանրապես չի նշանակում կայսերական ոճին ամբողջովին վերադարձ: Մեծ Բրիտանիան մտադիր է տարածաշրջանում ուժեղացնել իր «ստվերային» ներկայությունը:
Դա իրենից ենթադրում է համաձայնագրերի ստորագրում, զորավարժությունների անցկացում և ռազմաբազաների ծավալում: Մեծ Բրիտանիան Սուեզի ջրանցքից արևելք ընկած շրջաններից, այդ թվում նաև Պարսից ծոցի երկրներից իր զորքերը դուրս է բերել 1971 թվականին, ինչի արդյունքում տարածաշրջանում կազմավորվել են մի շարք անկախ պետություններ:
Կենտրոնի փորձագետները պնդում են, որ բրիտանական կառավարությունը չի պլանավորում մոտ ժամանակներս զինված ուժեր ծավալել տարածաշրջանում, սակայն ընդգծում են, որ ներկայության ընդլայնումը նպատակահարմար կլիներ՝ կապված «Արաբական գարնանից» հետո սոցիալական հուզումների չհանդարտման հետ: