Արևմուտքը մի քանի անգամ Ադրբեջանում նախաձեռնել է «գունավոր հեղափոխություններ». Ռամիզ Մեհթիև
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անցած գիշեր Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ադրբեջանի Անվտանգության խորհրդի ու նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հանդիպումը:
Իրանական IRNA լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն, հանդիպման ժամանակ Ահմադինեժադը «եղբայրական» է որակել Իրանի ու Ադրբեջանի ժողովուրդների հարաբերությունները, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների փոխհարաբերությունները:
Ահմադինեժադի կարծիքով՝ ԱՄՆ-ի, արևմտյան երկրների ու սիոնիստների հատուկ ծառայությունները փորձում են թուլացնել այդ հարաբերությունները՝ ընդգծելով, որ նրանք չեն կարող հասնել իրենց նպատակին:
IRNA-ի համաձայն, Ռամիզ Մեհթևն իր հերթին ընդգծել է, որ Ադրբեջանը ձգտում է ընդլայնել Իրանի հետ իր հարաբերությունները և այդ պլանում առկա են չօգտագործված մեծաթիվ հնարավորություններ: Ապա նա ընդգծել է, որ Արևմուտքը փորձել է Ադրբեջանում նախաձեռնել մի շարք «գունավոր հեղափոխություններ», սակայն դրանք ձախողվել են.
«Ադրբեջանի ամրապնդումն ու զարգացումը վերջին տասնամյակին վրդովեցրել է Արևմուտքին, այդ պատճառով էլ նրանք ձեռնարկել են որոշակի քայլեր, որոնք Ադրբեջանում խախտում են խաղաղությունն ու կայունությունը»:
Մեհթիևն ընդգծել է, որ Իլհամ Ալիևն աջակցում է Իրանի իշխող վարչակարգին, իսկ նախագահ Ահմադինեժադին համարում է իր ընկերը: