Ծառուկյանը պատրաստվում է 2018-ի ընտրություններին

Վարչապետի պաշտոնում Տիգրան Սարգսյանի վերանշանակումը նոր իրավիճակ է ստեղծել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: ԲՀԿ-ում սկսել են հասկանալ, որ հակավարչապետական քարոզչությունը չունեցավ իր ազդեցությունը, և հիմա իրենք պետք է հաշտվեն և հաշվի նստեն այն փաստի հետ, որ Հայաստանի վարչապետը Տիգրան Սարգսյանն է:

Մինչև Սերժ Սարգսյանի կողմից Տիգրան Սարգսյանին վարչապետի պաշտոնում վերանշանակելը` ԲՀԿ, այսպես կոչված, քաղաքական թևի ներկայացուցիչները համոզված էին, որ պետք է խիստ քննադատության ենթարկել Տիգրան Սարգսյանին և նրա ղեկավարած կառավարությանը, ցույց տալ, որ տնտեսական ձախողումների հիմնական մեղավորն ու պատասխանատուն հենց Տիգրան Սարգսյանն է, ով չի կարողանում արդյունավետ կազմակերպել տնտեսությունը, ինչը կստիպի Սերժ Սարգսյանին` հրաժարվել Տիգրան Սարգսյանին վերանշանակելու գաղափարից: Ցանկացած այլ վարչապետի պարագայում ԲՀԿ-ն կկարողանար բանակցել իշխանության հետ և դառնալ նոր կոալիցիայի մաս: Մինչդեռ հիմա պարտադրված է շարունակել մնալ ընդդիմություն` առնվազն Տիգրան Սարգսյանի մասով:

ԲՀԿ այն անդամները, ովքեր Տիգրան Սարգսյանին ԱԺ ամբիոնից հռչակում էին «հանցագործ» և խորհուրդ էին տալիս ինքնախոստովանական ցուցմունքով դիմել Ոստիկանություն կամ Դատախազություն, ոչինչ չունեն կորցնելու, քանի որ զբաղված չեն քիչ թե շատ լուրջ տնտեսական գործունեությամբ: Ընդհակառակը՝ իրենց համարելով քաղաքական գործիչ` նրանք համարում են, որ կայանալու և հանրային աջակցություն ստանալու միակ միջոցը կառավարությանը և նրա գործունեությունը քննադատելն է: Տրամաբանությունը շատ պարզ է, եթե դու քննադատում ես կառավարությանը և նրա ղեկավարին միանգամից դառնում ես հանրության սիրելին, քանի որ իր սոցիալական և տնտեսական վիճակից դժգոհ հասարակությունը` ի դեմս քեզ, տեսնում է իր խնդիրներն արտահայտողներին: Իսկ քաղաքական կարիերան շարունակելու համար հանրային աջակցությունը հետագայում շատ օգտակար կլինի. քո անունը կգրեն ցուցակի անցողիկ տեղերում, համարելով, որ այդ անվամբ կարող ես այդ ցուցակին ձայն բերել:

Թե այդ ելույթներն ի՞նչ ազդեցություն են ունենում հիշյալ պատգամավորների հանրային հեղինակության վրա, ինչ ազդեցություն կթողնեն քաղաքական կարիերան շարունակելու նրանց ձգտումների իրականացման գործում, ցույց կտա ժամանակը: Բայց, որ նրանց ելույթների համար այլ ԲՀԿ-ականներ ստիպված են լինելու պատասխան տալ, միանշանակ է:

ԲՀԿ-ն միատարր կուսակցություն չէ. այնտեղ հավաքված են ոչ միայն քաղաքական հզոր անհատականություններ, ովքեր իրենց պարտքն են համարում պաշտպանել ժողովրդի շահերը, այլ հայաստանյան բիզնես էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր իրենց բիզնեսը հաջող վարելու համար պարբերաբար առնչվում են իշխանական տարբեր օղակների հետ, չեն կարող հաջողություն ունենալ` առանց իշխանության աջակցության:

Գործարար ԲՀԿ-ականները` որպես ինքնարդարացում, կարող են ամեն անգամ շեշտել, որ իրենք համաձայն չեն այն հայտարարությունների հետ, շատ վատ կարծիքի են դրանց հեղինակների մասին, որ իրենք տրամագծորեն հակառակ տեսակետի են, բայց այդ բացատրություն- արդարացումները կարող են աշխատել ինչ-որ ժամանակ, բայց ոչ հավերժ: Որովհետև տրամաբանական հարց է առաջանում. եթե դու չես կիսում նման մոտեցումները, ինչո՞ւ ես շարունակում մնալ այդ կուսակցությունում:

ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչները հասկանում են, որ Տիգրան Սարգսյանի կառավարության գոյությունն օբյեկտիվ իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Դրա համար նրանք փորձում են կուսակցական ղեկավարությանը համոզել, որ պետք է հաշտության եզրեր գտնել կառավարության հետ, հետ կանգնել նախկին մոտեցումներից և նույնիսկ մասնակցել նոր կառավարության ձևավորմանը:

Բայց այս մոտեցումը չի կարող ընդունելի լինել, այսպես կոչված, քաղաքական թևի ներկայացուցիչների համար, քանի որ իրենք կհայտնվեն ծիծաղելի վիճակում: Իրենք ավելի քան մեկ տարի քննադատել են կառավարությանը, նրա ղեկավարին, հայտարարել են, որ Հայաստանում ամեն ինչ վատ է` բացառապես նրա գործունեության պատճառով, ամեն ինչ գնում է դեպի վատը, վատթարը, և հանկարծ միանում են նրա ղեկավարած կառավարությանը:

Նման իրավիճակի համար նույնիսկ բազմափորձ Վարդան Օսկանյանը դժվարությամբ բացատրություններ կգտնի: Ավելին՝ նա դա չի անի, քանի որ ավելի լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի: Աշնանն ընդդիմադիր դառնալու Վարդան Օսկանյանի սպառնալիք-առաջարկը պատասխանն էր ԲՀԿ այն ներկայացուցիչներին, ովքեր առաջարկում են, որ կուսակցությունը հրաժարվի մեկ տարի առաջ ընդունած մարտավարությունից և կրկին մտնի կոալիցիա, և կարգավորի հարաբերությունները իշխանության հետ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը համարում է, որ ԲՀԿ-ն պետք շարունակի «ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն» մարտավարությունը` հանդես գալով` որպես այլընտրանք: Սա նշանակում է, որ որոշ ԲՀԿ-աններ պետք է շարունակեն հրապարակայնորեն քննադատել իշխանությանը և մասնավորապես կառավարությանը, իսկ ոմանք` ոչ այնքան հրապարակային լեզու գտնեն կառավարության հետ: Արդյոք այս վիճակը կարո՞ղ է երկար շարունակվել:

Գագիկ Ծառուկյանը և նրա մերձավոր շրջապատը համոզված են, որ դա հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե ԲՀԿ-ականներին միավորող գաղափարը շարունակի կենսունակ մնալ: Իսկ այդ գաղափարը մեկն է. Գագիկ Ծառուկյանը Հայաստանի ապագա նախագահն է:

ԲՀԿ-ականները շրջանառության մեջ են դրել մի գաղափար, ըստ որի` ԲՀԿ-ն պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, ամեն ինչ անելու է այդ ընտրություններում մեծամասնություն ստանալու համար, իսկ 2018թ. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն առաջադրվելու և հաղթելու է նախագահական ընտրություններում: Սա արվում է հանուն նրա, որ այն ԲՀԿ-ականները, ում մեջ արդեն հասունացել է ԲՀԿ-ն լքելու որոշումը, հետ կանգնեն դրանից, վախենալով, որ եթե կարգավորում են հարաբերություններնն այսօրվա իշխանության հետ, ապա թշնամանում են ապագա իշխանության հետ, և հակառակը՝ եթե հրաժարվում են լինել այսօրվա արտոնյալների թիմում, ապա լինելու են ապագա արտոնյալների թվում:

Նման քարոզչությունը կարող է լուրջ հեռանկար ունենալ միայն մեկ պարագայում՝ եթե քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ն գրավի երկրորդ տեղը և իշխանության հետ պայմանավորվածություն ձեռք բերի, որ հենց ինքն է դառնում պաշտոնական ընդդիմությունը: Այդ պայմանավորվածության շրջանակներում ԲՀԿ-ական գործարարները չպետք է ենթարկվեն ռեպրեսիաների, և նրանց տնտեսական շահերը պետք է հավուր պատշաճի պաշտպանված լինեն: Դատելով վերջին օրերին ավելի հաճախ հնչող այն տեղեկություններից, որ ԲՀԿ-ն ստացել է ընտրակաշառք բաժանելու թույլտվություն, կարելի է ենթադրել, որ «գլխավոր ընդդիմադիրի» հարցը լուծվել է, և ԲՀԿ-ն կգրավի երկրորդ տեղը: Եթե դա տեղի չունենա` ԲՀԿ մասնատումն անխուսափելի է:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս