
«Նաիրիտի» աշխատակիցները խոստումներին չեն հավատում

Կառավարության շենքի առջև հավաքված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները դժգոհ մնացին գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ բանակցություններից և այս պահին երկմտանքի առջև են` գնալ նախագահական նստավա՞յր, թե՞ համաձայնել առաջարկված պայմաններին։ Հրաչ Թադևոսյանը բողոքի ելած նաիրիտցիներին տեղեկացրեց, որ հանդիպել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի և նամակների և բողոքների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանի հետ, ովքեր խոստացել են մինչև հունիս վճարել 2 ամսվա աշխատավարձը։
Ինչպես նաև բանակցություններ են վարվում ռուսական կողմի հետ՝ գործարանի վերագործարկման կապակցությամբ։ Այս առաջարկներներն ընդունվեցին սուլոցներով, և մասնակիցներից ոմանք անմիջապես առաջարկեցին գնալ նախագահական նստավայր, բայց արհմիության նախագահը չհամաձայնեց։ Մեզ հետ զրույցում գործարանի աշխատակիցներն ասացին, որ մոտ մեկ տարի աշխատավարձ չեն ստացել և իրենք այժմ գտնվում են հարկադիր պարապուրդում, իսկ գործարանի վերաշահագործարկման մասին խոստումները պարբերաբար տրվում են և չեն կատարվում։ Արհմիության ղեկավարը տեղեկացրեց, որ ձեռք բերված պայմանավորածության համաձայն հնարավոր է՝ վաղը մեկ ամսվա աշխատավարձը տրվի, այս խոստումը քիչ առաջ իրեն հեռախոսազրույցում տվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Սակայն նաիրիտցիներն այս խոստմանը չեն հավատում և դժգոհ են ընդունված որոշումներից։