Բաժիններ՝

Հայաստանի ոչ մեծ չափերը հնարավորություն են տալիս բավական արագ տեսնել սեփական ջանքերի արդյունքը. Ռուբեն Վարդանյան

1968 թվականին Երևանում ծնված, ներկայումս Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական Новая Газета թերթին.

Ռուբե՛ն, ի՞նչ է կատարվում աշխարհում ու երկրում այն մարդու տեսանկյունից, ով բիզնեսում տեսել է ամեն ինչ:

– 25 տարի առաջ մեկնարկած փոփոխությունների ժամանակաշրջանը շարունակվում է: Մենք կանգնած ենք շատ բարդ գործընթացների շեմին` կապված հասարակական ղեկավարման համակարգի փոփոխման, տեխնոլոգիական փոփոխությունների և անգամ հարացույցի փոխարինման հետ: Փոխվում է պատկերացումն այն մասին, թե իսկապես ինչն է կարևոր, իսկ ինչը` ոչ:

Աշխարհաքաղաքականության մեջ տեղի են ունենում արմատական փոփոխություններ. աշխարհը դառնում է բազմակողմ, գլխավոր պետությունը կորցնում է իր գերիշխող դիրքը: 20-30 տարի անց առաջնային պլան դուրս կգան նոր առանցքային խաղացողներ` մի կողմ մղելով ԱՄՆ-ին ու Եվրոպային, և նոր սերունդը կապրի կոորդինատների այլ համակարգում:

Աշխարհում այլևս չի մնացել տեղ, որը կարելի է անվանել խաղաղ վայր. ամենուրեք առկա են սեփական խնդիրները, իսկ մարտահրավերները համընդհանուր են, սոցիալ-տնտեսական կայունությունը հեռանում է անցյալ և ամենայն հավանականությամբ հանդիսանում է լճացման ցուցիչ:

Կապիտալիզմին փոխարինելու է գալիս ինֆորմացիոն հասարակությունը, փոխվում է պետության դերը, կորում է վստահությունը, ինչն արդեն իսկ նկատելի է: Փոփոխվում է ժողովրդագրական գործընթացների ազդեցությունը: Վերջին հարցը սուր է դրված բազմաթիվ երկրներում, և յուրաքանչյուր երկրի համար այն յուրօրինակ է:

Օրինակ, Չինաստանում գործող «մեկ ընտանիք – մեկ երեխա» կանոնն արդեն իսկ տալիս է իր արդյունքները. ձեռնարկությունները պայքարում են աշխատող ձեռքերի համար, սակայն հեռանկարում դա սպառնալիք կներկայացնի երկրի տնտեսական հզորությանը:

Եվրոպական զարգացած երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում տեղի են ունենում նման գործընթացներ, սակայն այստեղ պատճառն այլ է. ավելացել է կյանքի տևողությունը, բնակչությունը ծերանում է: Բրազիլիան, ընդհակառակը, շատ երիտասարդ երկիր է` դեռ ազգ չդարձած: Դեռ 10 տարի առաջ նրա բնակչության միջին տարիքը կազմում էր ընդամենը 18 տարի:

Ռուսաստանում ընթացող իրադարձությունների հետ կապված` պետք է հասկանալ, որ շատ բանով մենք ինքներս ենք ստեղծում կոորդինատների այն համակարգը, որում և գոյություն ունենք, և որը ձևավորվել է այնպես, ինչպես որ ձևավորվել է: Այն կարելի է ընդունել կամ չընդունել:

Օրինակ, Ստալինը ստեղծել էր հակամարդկային համակարգ, որը խլել է միլիոնավոր մարդկանց կյանքեր, և չնայած դրան՝ շատերի համար Ստալինը հերոս է, ինչը մասամբ պայմանավորված է նրանով, որ նա «երկար է խաղարկել», մարդկանց տվել է երազանք և յուրովի է կառուցել երկրի ինստիտուտները:

Մեր երկիրը (Ռուսաստան) մեծ և բազմազան է, սակայն հասարակությունում ընդհանուր առմամբ հանդուրժողականության բարձր մակարդակի հետ մեկտեղ մենք կարո՞ղ ենք բացարձակ վստահությամբ ասել, որ կանոններն ու հնարավորությունները նույնն են բոլորի համար:

Օրինակ, որքա՞ն կորեացի է բնակվում Ռուսաստանում (պատասխան` մի քանի հարյուր հազար), և արդյոք իշխանական կառույցներում նրանք ունե՞ն նահանգապետ կամ դրանից բարձր պաշտոնյա (պատասխան՝ ոչ):

Մինչդեռ Գերմանիայում էկոնոմիկայի ու տեխնոլոգիաների նախարարի պաշտոնը զբաղեցրել է վիետնամական ծագում ունեցողը: Ես համոզված եմ, որ մեր երկրում բոլոր պետք է ունենան վերելք ապրելու հնարավորություն:

Այժմ մեզ մոտ նույնականությունը որոնում են արմատական ուղղափառությունում, ի՞նչ կասեք:

– Մեզ բնորոշ է ծայրահեղությունից ծայրահեղության անցնելը, մենք ոչ մի կերպ չենք կարող կողմնորոշվել, թե որ դոկտրինն է պետք ընտրել: Մեզ մոտ՝ երկրի գլխավոր հրապարակում, գտնվում է առաջնորդի մումիան, ինչը հակասում է ուղղափառ եկեղեցու բոլոր կանոններին:

Որևէ վատ բան չկա նրանում, որ հենասյուն ենք փնտրում ինչ-ինչ արժեքներում: Օրինակ, ԱՄՆ-ում նույնպես գերիշխում էին որոշակի տիպի արժեքները. երկար տարիներ այդ երկիրը ղեկավարում էին այսպես կոչված WASP-երը (սպիտակ անգլո-սաքսոնական բողոքականները):

Բնականաբար, կան նաև այդ կանոններից բացառություններ. կաթոլիկ Ջոն Քենեդին կամ Բարաք Օբաման: Այնուամենայնիվ, ամերիկացիների քաղաքականությունը հետևողական է: Մեզ մոտ այդ հետևողականությունը չկա ոչնչում: Այստեղից էլ բխում է երկարաժամկետ հեռատեսության բացակայությունը, այդ նույն «կարճ խաղարկելը»:

Ինչի՞ է վերածվել կապիտալիզմը:

– Կապիտալիզմն այն տեսքով, որ մատուցվում է հասարակագիտության դասընթացներում, գոյություն չունի անգամ այն երկրներում, որոնց ընդունված է համարել կապիտալիստական: Եվրոպայում, օրինակ` Ֆրանսիայում, ուր աշխատանքային շաբաթը կազմում է 35 ժամ, տիրում է սոցիալիզմ:

Եվ երկրորդ` արմատականորեն փոխվել է տեղեկատվական միջավայրը: Պետությունը կորցնում է տեղեկատվության վրա ունեցած մենատիրությունը: Այսօր Apple-ը մեր և ձեր մասին ավելի շատ բան գիտի, քան մեր սեփական երկրի իրազեկ մարմինները:

Նախկինում պետությունը տիրապետում էր մարդու ծնվելու, կյանքի ու մահվան մասին ողջ տեղեկատվությանը. այն հայտնի էր լինում բժշկին, ոստիկանին ու քահանային` մեր հասարակության ամենահարգարժան մարդկանց: Այժմ այդ շրջանակն ընդլայնվել է, ի հայտ են եկել դերակատարային մոդելներ:

Մասնավոր ընկերությունների կողմից մարդկանց մասնավոր կյանքի մասին ունեցած տեղեկությունների ծավալը վիթխարի է: Ավելին, պետությունը բախվում է տեղեկատվական արտահոսքերի խնդրին, ինչի վառ վկայությունը WikiLeaks-ն ու OffshoreLleaks -ն են:

Միևնույն ժամանակ մեզ համար էլ մատչելի է դարձել ավելի շատ տեղեկատվությունը: Ցանկության դեպքում կարելի է, տանը մնալով, ստանալ անհրաժեշտ գիտելիքներ աշխարհի ցանկացած անկյունում: Օրինակ, կա ոչ կոմերցիոն կրթական կազմակերպություն, ինչպիսին որ ԱՄՆ-ում գործող Khan Academy-ն է:

Այն հեռակառավարման կրթական դպրոց է, որն անվճար կրթություն է ապահովում աշխարհի տարբեր երկրների 75 միլիոն երեխաներին, որոնցից 400.000-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Այնպես որ գլխավորը շարժառիթն է, կարևոր է իմանալ, թե ինչ ես ցանկանում:

Ներկայումս Մոսկվան գտնվում է այնպիսի գործարար կենտրոնների թվում, ինչպիսիք են Շանհայը, Հոնկոնգը, Լոնդոնը և Նյու Յորքը: Անգամ Փարիզը, Հռոմն ու Մադրիդը չեն կարող կյանքի տեմպերով ու տեղի ունեցող իրադարձությունների ինտենսիվությամբ չեն կարողանում համեմատվել Մոսկվայի հետ:

Հարցազրույցի ժամանակ Վարդանյանն անդրադարձել է նաև «Տաթևի թևեր» ճոպանողու կառուցման խնդրին. «Ի տարբերություն Հայաստանի՝ Ռուսաստանը տալիս է բազում հնարավորություններ և գործելու այլ մասշտաբ, սակայն այստեղ արդյունք կարելի է ստանալ միայն 10 տարի անց: Մինչդեռ Հայաստանի ոչ մեծ չափերը հնարավորություն են տալիս բավական արագ տեսնել սեփական ջանքերի արդյունքը:

Օրինակ վերցնենք Տաթևի վանքի վերանորոգման նախագիծը, որի շրջանակներում ստեղծվում է զբոսաշրջային, կրոնական, մշակութա-պատմական համալիր: 2010 թվականին մենք մեր գործընկերների հետ ավարտեցինք «Տաթևի թևեր» ճոպանուղու կառուցումը: Դրա բացումից ի վեր՝ վանքն այցելող զբոսաշրջիկների քանակն աճել է տասնյակ անգամ»:

Միայն նախորդ տարի ճոպանուղուց օգտվել է մոտ 100.000 մարդ, իսկ մոտակա քաղաքում վերջին երկու տարում բացվել է 10 նոր հյուրանոց: Մենք հուսով ենք նախագիծն ավարտել մինչև 2017 թվականը՝ Տաթևի 1111-ամյակին: Եկեղեցին ու սեփական այբուբենն ունեցող լեզուն պահպանել են հայ ազգը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս