Լեռնային Ղարաբաղ. գլխավորը մանևրներն են, պատերազմը կսպասի. Ստանիսլավ Տարասով
REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի «Լեռնային Ղարաբաղ. գլխավորը մանևրներն են, պատերազմը կսպասի» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է «Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության մեծ համաձայնագրին»:
Նրա խոսքերով «հակամարտող կողմերն արդեն մի քանի տարի է, ինչ քննարկում են դրա կարգավորումը, սակայն բանակցային գործընթացը ցայժմ չի տվել արդյունքներ. նախարարները հանդիպում են, սակայն չկա այդ բանակցությունների տրամաբանական ավարտը: Կան շատ հարցեր, որոնք պետք է քննարկվեն հակամարտող կողմերի միջև, այդ թվում նաև հարկադիր վերաբնակների վերադարձը, կարգավիճակի հստակեցման հարցը և շատ այլ հարցեր»:
Դրա նախօրեին Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա հայ գործընկեր էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Լավրովը հայտարարել է. «Մոսկվան առաջընթաց չի տեսնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:
Հայաստանի արտգործնախարարը համաձայնվել է Լավրովի հետ` հավելելով. «Չէի ասի, որ իրավիճակը գտնվում է փակուղում, պատրաստվում է արտգործնախարարների նոր հանդիպում, ինչպես նաև չի բացառվում նաև բարձր մակարդակով հանդիպում»:
Ճիշտ է` դրա հետ մեկտեղ Հայաստանի արտգործնախարարը ճշգրտեց, որ «գործընթացն անցնում է, այլ հարց է, որ իսկապես չկա առաջընթաց, քանի որ կողմերից մեկը զբաղեցնում է ապակառուցողական դիրքորոշում և գործնականում հերքում է համանախագահների արած բոլոր առաջարկները»:
Այս ամենը Ղարաբաղյան ուղղությամբ համաշխարհային դիվանագիտության արտաքին ակտիվացման ցուցիչներ են: Այսպես, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կոնգրեսում ունեցած ելույթում և Թուրքիա կատարած այցերի ժամանակ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
Ճիշտ է` Ադրբեջանը դա ընկալեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում` որպես համանախագահող երկիր, Թուրքիային ինտեգրելու ԱՄՆ-ի փորձ` թեև այդ եզրակացությունը հեռու է իրականությունից: Եթե Վաշինգտոնը մշակում էլ է «հայկական խաղաքարտը», ապա խոսքն ամենից առաջ գնում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին:
Հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչու Վաշինգտոնը ցայժմ ԵԱՀԿ Մինսկի խմբում չի նշանակել իր մշտական կոորդինատորին: Մի շարք փորձագետների գնահատմամբ, դա վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթ նշանակություն չունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նրա համար Ղարաբաղյան հիմնախնդիրը ձեռք է բերում աշխարհաքաղաքական նշանակություն` առաջին հերթին «Մեծ Մերձավոր Արևելքում» ընթացող զարգացումների համատեքստում: Սակայն այստեղ ի հայտ եկան մի շարք կարևոր նրբերանգներ:
Միևնույն ժամանակ ռուսական կողմի նկատելի ջանքերն ուղղված են եղել Բաքվից ուժի չկիրառման մասին փաստաթղթի ստորագրմանը հասնելուն: Բաքուն հայտարարում է Հայաստանի հետ «խաղաղության մեծ համաձայնագիր» ստորագրելու պատրաստակամության մասին:
Ամենայն հավանականությամբ, դա նախատեսում է Բաքվի ու Երևանի միջև պատերազմական վիճակի իրավական դադարեցում և հայկական զորքերի դուրս բերում «ադրբեջանական շրջաններից»:
Ուշագրավն այն է, որ Երևանը ցայժմ չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը և դրա հետ կապված` իրավունք չունի հանդես գալ Ստեփանակերտի անունից, քանի որ իրավական իմաստով Ղարաբաղ բառը շարունակում է մնալ որպես Ադրբեջանի տարածք:
Դրա հետ կապված`հատուկ նշանակություն է ստանում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամության մասին Մամեդյարովի հայտարարությունը`հենված Մադրիդյան սկզբունքների վրա:
Սակայն եթե «խաղաղության մեծ համաձայնագրի» հարցում ադրբեջանական դիվանագիտության դիրքորոշումը բավական ուժեղ է թվում, ապա, ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, դա պահանջում է կարևոր ճշգրտումներ:
Բանն այն է, որ, ինչպես գրում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Վուղար Սեիդովը, «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները փակ են, և աշխարհում միայն հատուկենտ է հաղորդվում դռնփակ քննարկումների մանրամասների էությունը»:
Սակայն եթե դատենք կողմերի թույլ տված տեղեկատվական մի շարք «արտահոսքերից», ապա այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները («Մադրիդ-2») առաջին փուլում ենթադրում են Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջաններից հայկական զինված ուժերի դուրս բերում:
Միևնույն ժամանակ «Մադրիդ-2»-ը նախատեսում է միջազգային խաղաղապահ ուժերի մուտքը Ղարաբաղ: Երկրորդ փուլում կդիտարկվի Ղաաբաղ հարկադիր վերաբնակների վերադարձի հարցը: Եվ վերջապես, երրորդ փուլում պետք է անցկացվի հանրաքվե Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման շուրջ:
Ի դեպ, դա հենց այն սցենարն է, որը ԵԱՀԿ Մինսկի խումբը խումբը հակամարտող կողմերին Կազանում առաջարկել է Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Սարգսյան-Ալիև գագաթաժողովում: Սակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ:
Վարկածներից մեկի համաձայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը առաջարկել է միջազգային խաղաղապահ ուժերը փոխարինել ռուսականով. խաղաղապահությունը (peace-keeping) փոխարինել խաղաղության հարկադրմամբ (peace-enforcement), ինչն անընդունելի եղավ Բաքվի համար:
Երկրորդ վարկածի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է որոշակիացնել Ղարաբաղի կարգավիճակը մինչև այնտեղ ադրբեջանցի փախստականների հարցը:
Ահա թե ինչու, երբ Երևանն ու Բաքուն մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են Մադրիդյան նորացված սկզբունքների հիման վրա բանակցություններ վարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ և միևնույն ժամանակ էլ շարունակ քննադատում են միմյանց, դժվար է լինում հասկանալ, թե այս անգամ ինչ են քննարկում հակամարտող կողմերը:
Դժվար է հասկանալ նաև, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչպիսի տարբերակ է առաջարկում Մոսկվան, երբ նա արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով հայտարարում է «հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի բացակայության» մասին:
Ակնհայտ է մեկ այլ բան. Ադրբեջանը փորձում է Հայաստանից խլել Ղարաբաղյան ուղղությամբ նախաձեռնությունը` դիվանագիտական չակերտներից դուրս բերելով այդ խնդրի ռազմական լուծման սցենարը:
Դա իր հերթին սահմանափակում է որոշակի ուժերի և առաջին հերթին Եվրոպայում, Ղարաբաղի համար Դեյթոնի համաձայնագրի նման բան առաջարկելը` խաղաղության հարկադրում, սակայն ոչ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման տեսանկյունից:
Վերջապես, այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը ենթադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ, սակայն առանց համանախագահող երկրներից մեկի առաջնորդի ուղիղ միջնորդությամբ Սարգսյան-Ալիև գագաթաժողովի հավանականություն, վկայում է ընդհանուր առմամբ ոչ պարզ իրավիճակից դուրս գալու ելքի ուղղությամբ Երևանի մանևրելու փորձերի մասին:
Սակայն շատ բան կհստակեցվի Կրակովում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ: Մոսկվայի համար էլ, համենայն դեպս, գլխավորը հակամարտող կողմերի նկատմամբ մանևրելու ողջ ազատության պահպանումն է»: