Հերթական պեդոֆիլի գործը դատարանում է
Արտաշատ քաղաքի 53-ամյա տղամարդը մեղադրվում է 3 անչափահաս երեխաների սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու մեջ: Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը ձեռնպահ ենք մնում մեղադրյալի անուն-ազգանունը հրապարակելուց` չնայած արարքի նողկալիությանը և հասարակական վտանգավորությանը, քանզի ակնհայտ է, որ տվյալ պարագայում խաթարվել է 3 երեխաների ճակատագրեր` անկախ դատական ակտից: Առավել ևս, երբ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակայնացվել է ոչ միայն մեղադրյալի, այլ նաև երեխաների ինքնությունը, իսկ մեկի պարագայում անգամ հրապարակվել է սեռական ոտնձգության զոհ դարձած անչափահաս տղա երեխայի անուն-ազգանունն ամբողջությամբ` նկարագրելով ընդհուպ սեռական ակտի եղանակը:
Այսպես, Արտաշատ քաղաքի 53-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ և 141-րդ հոդվածներով՝ համապատասխանաբար Սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը և նույնպիսի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ըստ մեղադրական եզրակացության, նա 2012թ ընթացքում իր տանը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ակնհայտ 16 տարին չլրացած 3 անչափահաս բնակիչների հետ: Նրանցից մեկին շանտաժի միջոցով հարկադրել նաև համասեռամոլության:
2012թ. փետրվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում նա բազմաթիվ անգամ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 1997 թվականին ծնված մի տղա երեխայի հետ: 53-ամյա տղամարդու սեռական ոտնձգության հաջորդ զոհը եղել է 1996 թվականի ծնված մեկ այլ տղա, ում հետ նա սեռական բնույթի գործողություններ է կատարել 2012թ մարտ ամսին` 2 անգամ: Վերջինիս, ըստ նախաքննական մարմնի, տղամարդը շանտաժի սպառնալիքով հարկադրել է նաև համասեռամոլության:
2012թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նույն հասուն տղամարդու թակարդն է ընկել նաև 1997 թվականին ծնված մեկ այլ երեխա, որի հետ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 4 անգամ:
Նախաքննական մարմնի որակմամբ սեքսուալ բնույթի գործողությունները երեխաների հետ կատարվել են վերջիններիս կամքով, թեև, մեղմ ասած, տարօրինակ է թե նախաքննական մարմինը ինչ է նկատի ունեցել «կամք» ասելով և արդյոք այդ երեխաները գիտակցել են կատարված արարքի լրջությունն ու հետևանքները: