Ս.Սաֆարյանը` Գ.Սահակյանին. «Սա իսկապես վերջին ակորդն է, բայց՝ Հանրապետական կուսակցության համար»

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունը և, մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը գնում է ինքնաոչնչացման: Գ. Սահակյանը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» չի ունենա այն հաջողությունը, ինչն ունեցավ փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրություններում.
«Եթե այստեղ որոշակի գոնե փոքրիկ հաջողություն ունենան, ուրեմն կկարողանան քաղաքական դաշտում հետագայում ընդլայնվել»,- ասել է Սահակյանը` ավելացնելով, որ Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» մասնակցությունը Գալուստ Սահակյանը գնահատում է՝ որպես վերջին ակորդ:

«Ժառանգության» վարչության քարտուղար, «Բարև, Երևանի» 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով Գալուստ Սահակյանի վերոնշյալ տեսակետը, ասաց.

«Հանրապետական կուսակցությունը պիտի մոռանա, որ ինքն այլևս ձայն ունի, և դա շատ տեսանելի է փողոցներում, այսինքն` սա իսկապես վերջին ակորդն է, բայց՝ Հանրապետական կուսակցության համար, և ես վստահ եմ, որ այն վճիռը, որ կայացրել է հայ ժողովուրդը ՀՀԿ-ի կառավարման վերաբերյալ, արդեն իսկ տեսնում ենք մարդկանց հոգիներում, և դա կտեսնենք նաև մայիսի 5-ին»:

Ստեփան Սաֆարյանն՝ իր հերթին, համոզված է, որ մայիսի 5-ից հետո Երևան քաղաքն ունենալու է նոր քաղաքապետ:

Կարդացեք նաև

«Չեմ ուզում շատ ինքնավստահ խոսել, բայց, համենայնդեպս, գրեթե տեսնում եմ, որ «Բարև, Երևանն» այս ընտրությունների առաջատարը և ֆավորիտն է: Եվ այդ մասին խոսում է իշխանության վախը, մտահոգությունը, քննադատությունը, քաղաքական դաշտի բոլոր անկյուններից տոտալ հարձակումը «Ժառանգության» և «Բարև, Երևանի» վրա»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, որ ընտրությունների նկատմամբ առանձնակի խանդավառություն չկա` ընդգծելով մարդկանց շրջանում վախի մթնոլորտի մասին:

«Պապիկներից մեկը քիչ առաջ դա էր ասում, որ այս փողոցը (խոսքն Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկի մասին է.- Ա.Ս.) ամբողջությամբ Րաֆֆիի ու «Բարև, Երևանի» կողմնակիցներն են»,- նշեց նա:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե «Բարև, Երևանի» քարոզարշավում ինչպիսի՞ դեր ունի Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը:

«Րաֆֆի Հովհաննիսյանն այս շարժման առաջնորդն է, իհարկե, դաշինքի մեջ չկա, բայց ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գործոնը չափազանց մեծ դերակատարում ունի,- ի պատասխան ասաց նա,- Եվ այս կապակցությամբ Հանրապետական կուսակցությունն ինքնամխիթարվում է, թե սա «Բարև, Երևանի» կամ «Ժառանգության» վերջն է: «Ժառանգության» վերջը գուժել են բոլոր տարիներին, ամիսներին, բայց իրականությունն այն է, որ ժողովուրդն այս ընթացքում չափազանց իմաստնացել և հասունացել է, հրաշալի հասկանում է` քաղաքական դաշտում ով ինչով է զբաղված` իշխանությունից մինչև ընդդիմություն: Հետևաբար` ակնհայտ է, որ չեն իրականացել բոլոր այն բայղուշ կանխատեսումները, որոնք արել են քաղաքական գործիչները և քաղաքագետները»:

Տեսանյութեր

Լրահոս