ԲՀԿ-ն իրեն չի վերագրում «կեղծ մարգարեների» մասին Րաֆֆի Հովհաննիսյանի մեղադրանքը
Ի պատասխան 168.am-ի հարցին, թե քաղաքական տարբեր ուժերի կողմից այս շրջանում հնչող բազմաթիվ կարծիքները կեղծ ընդդիմության կամ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն էր հայտարարել, «կեղծ մարգարեների» մասին, ո՞ւմ են վերաբերում, ԲՀԿ-անդամ Գուրգեն Գասպարյանն արձագանքեց, որ չի կարող պատասխանել այս հարցին, բայց նկատեց, որ տեսնում է համագործակցություն ոչ իշխանական ուժերի միջև: Նա շեշտեց, որ «կեղծ մարգարեներ» գնահատականը»», համենայնդեպս, ԲՀԿ-ին չի վերագրում. «Ակնհայտ է, որ մենք պայքարում ենք ընտրակեղծիքների դեմ: Ինչի՞ մասին է խոսքը: Ես այս կոչը հաստատ մեզ վրա չեմ վերցնի»:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արգելել էին անցնել պատգամավորների համար նախատեսված ճանապարհով, ԲՀԿ անդամն ասաց, որ չի կարող միջադեպին որակում տալ, քանի որ անձամբ ներկա չի գտնվել:
Մեր դիտարկմանը, թե շատերը միջադեպը որակեցին՝ որպես հուշում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, Գուրգեն Գասպարյանն արձագանքեց. «Հիմա դուք ուզում եք՝ ասեմ, որ մենք ընդդիմությո՞ւն ենք: Մենք ալտերնատիվ ուժ ենք, որ որտեղ պրոբլեմ կա, այնտեղ կանգնած ենք ու թույլ չենք տալու, որ որևէ մի խնդիր, որը դեմ է ժողովրդին, մենք դա թույլ տանք: Մենք միշտ էլ ժողովրդի կողքին ենք կանգնած եղել, ու այնպես չէ, որ մենք նոր ենք ասում, որ ժողովրդի կողքին ենք»: Մեր հարցին, թե Վարդան Օսկանյանի հայտարարությանը, ըստ որի՝ ԲՀԿ-ն պետք է իրեն ընդդիմություն հռչակի, այդ դեպքում, ինչպե՞ս է վերաբերվում, Գ. Գասպարյանը պատասխանեց, որ դա նրա կարծիքն է: