Բաժիններ՝

Սև ամպեր՝ «Զվարթնոցի» հին շենքի գլխին

Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել է «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկումն իրականացնող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության դիմումը, որում խնդրվել էր «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն՝ տեղը «հարթ տարածք ունենալու» համար: Այս մասին Tert.am-ին հայտնել է Երևանի քաղաքապետարանին կից Ճարտարապետական խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի ավագանու թեկնածու Հրաչիկ Պողոսյանը: «Մենք կտրուկ մերժեցինք, նայեցինք այդ հարցը մեր ճարտարապետական հանձնաժողովում, և ասացինք, որ դա հնարավոր չէ:

Ընդհանրապես, դա որպես հուշարձան պետք է մնա, և դիմեցինք քաղաքապետին մեր հանձնաժողովի անունից: Քաղաքապետը նույնպես այն կարծիքին է, որ այդ հուշարձանը չի կարելի քանդել: Մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը նույնպես»,- ասել է Հրաչիկ Պողոսյանը, ով նշեց, որ չի գտնվի ՀՀ մի քաղաքացի, որը չի կարող չգիտակցել օդանավակայանի հին շենքի ճարտարապետական արժեքը:

Պողոսյանը նշել է, որ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը շենքը քանդելու համար ներկայացրել է երկու պատճառ. առաջինը, որ իրենց այնտեղ անհրաժեշտ է ոչ թե շենք, այլ օդանավերի համար հարթ տարածություն և երկրորդ, որ այն անհրաժեշտ է ենթարկել վերանորոգման: «Որ կոնստրուկցիաներն ինչ-որ լավ վիճակում չեն և այլն, և այլն: Դե դա սովորական պատրվակ է, եթե ուզում են շենքը քանդել, գրում են, որ կոնստրուկցիաները վատ վիճակում են»,- նկատել է Հրաչիկ Պողոսյանը և ավելացրել է. «Մենք էլ իրենց գրեցինք պատասխան, որ կոնստրուկցիաների վատ վիճակը դեռ պատճառ չէ շենքը քանդելու համար»:

Tert.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս