Էլիտա՞, թե՞ ամբոխ. Յուրաքանչյուրն ինքն է որոշում` որտեղ է իրեն հարմար
Որքա՜ն բացասական ու հուզված արձագանքներ գտավ Սիրուշոյի «Պռեգոմեշը», քանի որ երգչուհին համարձակվել էր տեսահոլովակում օգտագործել Կոմիտասի ձայնը: Վերջերս մեկ այլ երգչուհի` Լիլիթ Հովհաննիսյանը, իր երգերից մեկում դիմել էր արդեն Մոցարտի «Ռեքվիեմին»: Ի դեպ, ժամանակին անտաղանդ մի կոմպոզիտոր իր գործերը ներկայացնում է Բրամսին. «Բայց Դուք ամբողջությամբ նմանակել եք Մոցարտին»,- բացականչում է կոմպոզիտորը: «Ճիշտ եք, սակայն չէ՞ որ Մոցարտին լավ են լսում»:
Այսինքն` երգչուհին բոլոր հիմքերն ուներ` հավատալու, որ «Ռեքվիեմը» կլսվի անգամ իր երգի հետ: Հիմա արդեն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին ռեփ են երգում «Արմենիա» հեռուստաընկերության դերասաններն ու աշխատակիցները:
Զայրույթի նոր ալիք, քննադատություն` ինչպես կարելի է սերիալի դերասանին, հումորիստներին դիպչել Ցեղասպանության թեմային: Դա կարող է իրեն թույլ տալ Սևակը` իր «Անլռելի զանգակատունը» պոեմով: Կամ մաեստրո Տիգրան Մանսուրյանը` իր «Ռեքվիեմով»:
Վիճելի է այն առումով, որ Ցեղասպանությունը որևէ մեկի սեփականությունը կամ մենաշնորհը չէ, և յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի Ցեղասպանությանն անդրադառնալ այնպես, ինչպես իր գեղագիտական ընկալումն է թույլ տալիս: Նույնը կարելի է ասել նաև Կոմիտասին ու Մոցարտին փոփ մշակույթ ներմուծելու մասին:
Այն բանից, որ ժամանակակից շոու-բիզնեսի «աստղերը» համարձակություն են ունենում դիմել Կոմիտասին, Մոցարտին, հանճարեղ այդ մարդկանց վարկանիշն ամենևին չի ընկնում: Այլ հարց է` որքանով է շահում տվյալ գործը: Բայց այս դեպքում էլ չարժե փրփուրը բերանին` հարձակվել շոու-բիզնեսի ներկայացուցիչների վրա:
Զանգվածային մշակույթի առաջն առնելու փորձերը հաջողություն կունենան նույնքան, որքան հաջողություն կարող են ունենալ արևածագը կամ մայրամուտը խոչընդոտելու փորձերը:
Առհասարակ, բարձր և ցածր որակի արվեստի միջև հակամարտությունը նույնքան հին է, որքան մշակույթն` ինքը: Եվ դա ինձ համար գոնե պարզ դարձավ բուհում` անտիկ գրականության դասախոսություններից: Դեռևս Արիստոտելը սահմանել էր մի սանդղակ, ըստ որի` Հոմերոսի գործերը համարվում էին բարձրարժեք, բարձրարվեստ, իսկ Էսքիլեսի, Սոֆոկլեսի, Եվրիպիդեսի գործերը` ոչ այնքան արժեքավոր, մի աստիճան ցածր: Այն հիմնավորմամբ, որ նրանց ստեղծագործությունները հասցեագրված էին «հասարակ» մարդկանց, ամբոխին: Ըստ Արիստոտելի` ցածր հասարակությանը հասանելի, մատչելի մշակույթը հենց ցածր ժանր է: Այսօրվա չափանիշներով` խոսքը հենց զանգվածային, փոփ մշակույթի մասին է:
Այն, ինչ էլիտար մշակույթ չէր համարվում անտիկ շրջանում, դարձավ դասական, համամարդկային արդեն Վերածննդի շրջանում: Սերվանտեսը, Ռաբլեն վերաձևեցին բարձր ու ցածրարժեք մշակույթների սահմանը: Ժամանակին վուլգար, ծիծաղաշարժ համարվող Չապլինի, Լլոյդի ֆիլմերը, որոնք ծիծաղեցնում, զվարճացնում էին հատկապես ամբոխին, ժամանակի մեջ դարձան դասականներ, ժամանակից ու տարածությունից բարձր արժեքներ:
Հիմա շուկայական հարաբերություններ են, և պետությունը չունի վերահսկողություն մշակույթի հանդեպ: Եվ շոու-բիզնեսն իրենով լցրել է հեռուստատեսությունը: Գրողները տրտմությամբ հիշում են «Պոեզիայի ժամը» հեռուստատեսությամբ, դասական երաժշտության համերգները, որոնք ևս հեռարձակվում էին շատ հաճախ: Այդ ամենին այսօր փոխարինում է այն, ինչին կարելի է ասել անճաշակություն, անմտություն, կարճ ասած` շոու-բիզնես:
«Ինչո՞ւ»: Այս հարցը պետք է ուղղել ոչ թե պետությանը, այլ հասարակությանը: Ինչո՞ւ ազատ տեղեր կան դահլիճում, երբ բեմում, դաշնամուրի առաջ Սվետլանա Նավասարդյանն է, իսկ շոու-բիզնեսի հատկապես ռաբիս կատարող «աստղերի» համերգին ասեղ գցելու տեղ չկա:
Պետական միջոցներով պարբերաբար վերահրատարակվում է Նարեկացու «Մատյանը»: Կոմիտաս հնչում է մեր բոլոր երգչախմբերի կատարմամբ: Ընդ որում` կիսադատարկ դահլիճներում, անգամ` երբ մուտքն ազատ է: Առհասարակ, Նարեկացու, Կոմիտասի անուններն օրվա մեջ 100 անգամ արտաբերելուց աստվածավախ կամ իսկակա՛ն երաժշտության սիրահար չեն դառնում: Քանի՞ հոգի է կարդացել «Մատյան ողբերգությունը», այն դարձրել խորհելու նյութ կամ, առհասարակ, որևէ բան հասկացել կարդացածից:
Կոմիտաս այսօր երիտասարդներից շատերն առիթ են ունեցել լսել, թերևս, հենց «Պռեգոմեշ» լսելիս (նկատի ունեմ` ոչ թե Կոմիտասի անունը, այլ ձայնը, կատարումը): Ի դեպ, մասնավոր մի խնջույքի ժամանակ ինձ համար շոկ էր, երբ մեր քաղաքի մշակույթի պատասխանատուներից մեկն անգամ չգիտեր Կոմիտասի անուն-ազգանունը: Քանի՞սն այսօր գիտի, թե որտե՞ղ է Ալեքսանդր Սպենդիարյանի գերեզմանը: Չէ՛, եթե Օպերայի բակում չլիներ, որպես օրինակ չէի բերի: Այսինքն` մայրաքաղաքի հենց կենտրոնում մեծ կոմպոզիտորի գերեզմանի տեղը մեր համաքաղաքացիների մեծ մասը չգիտի: Նույնը կարելի է ասել նաև Կոմիտասի շիրիմի մասին: Գիտենալ կամ չգիտենալ, լսել Մոցարտի «Ռեքվիեմը» Լիլիթ Հովհաննիսյանի՞ կատարմամբ թե՞, այդուհանդերձ, Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի, յուրաքանչյուրի ընտրությունն է: Յուրաքանչյուր գիտակից մարդու ընտրությունն է` լինել էլիտա (այս դեպքում` առանց չակերտի) կամ ամբոխ:
21-րդ դարում ամբողջ աշխարհը կերակրվում է զանգվածային մշակույթով, այդ թվում` և Հայաստանը: Որքանո՞վ է այդ մշակույթի պահանջարկը մեծ, մեր դեպքում դժվար չէ չափել: Բոլորիս երեխաները դպրոցից բերում են հեռուստատեսությամբ լսած հումորները, երգում ու պարում են Գանգնամ սթայլ: Եվ ոչ ոք բակից կամ դպրոցից չի բերում Շոպենի «Պոլոնեզը»: Սրանից հետևություններ անել կարելի է:
Սակայն մերժել Գանգնամ սթայլը` որպես հակադրություն ներկայացնելով, օրինակ, Բախի երաժշտությունը, գրագետ չէ: Դրանք երկու տարբեր մշակույթներ են: Մեկը` բարձրակարգ, հետևաբար` հարատև, մյուսը` զանգվածային, հետևաբար` ժամանակավոր:
«168 ԺԱՄ»