Լավրովը Մոսկվայում ընդունել է Հնդկաստանի արտգործնախարարին

Ռուսաստանը և Հնդկաստանը պահպանում են բարձր մակարդակի հարաբերություններ պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մեր պաշտպանական և ռազմատեխնիկական համագործակցությունը մնում է բարձր մակարդակի վրա։ Ռուսաստանն աջակցում է Հնդկաստանի նպատակներին «Արտադրված է Հնդկաստանում» ծրագրի շրջանակներում, այդ թվում՝ համատեղ արտադրությանը և տեխնոլոգիաների փոխանցմանը», – նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Սուբրամանյամ Ջայշանկարն իր ռուս գործընկերոջը հրավիրել է Հնդկաստան։

«Ես հրավիրել եմ նախարարին այցելել Հնդկաստան՝ մեր երկխոսությունը շարունակելու համար», – նշել է նա ասուլիսի ընթացքում։

Ջայշանկարը բանակցությունները համարել է բովանդակալից։ Նրա խոսքով՝ հանդիպումը «հնարավորություն է տվել համապարփակ կերպով ուսումնասիրել Հնդկաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը»։

«Մենք կարծում ենք, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աշխարհում ամենակայուններից են», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Լավրովի հետ քննարկել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական և մշակութային համագործակցության վերաբերյալ։

Նա նաև հանդես է եկել Կազանում և Եկատերինբուրգում Հնդկաստանի երկու նոր հյուպատոսությունները շտապ բացելու կոչով։

Ավելի վաղ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ Լավրովը շեշտել էր, որ երկու երկրները միմյանց համարում են արտոնյալ ռազմավարական գործընկերներ: Նախարարներն ընդգծել էին երկկողմ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը:

Տեսանյութեր

Լրահոս