
Բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցը
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ–ի բանտախցում ձայնագրել են Բագրատ և Միքայել սրբազանների զրույցն ու կցել գործի նյութերին։ Այսօր դատավարության ընթացքում այդ մասին ասաց Բագրատ սրբազանը։
«Էնքան էս գործի տակ ոչինչ չկա խեղճերին, որ ձայնագրություններ են արել իմ և Միքայել սրբազանի խոսակցությունը, երկու եղբոր խոսակցությունը, միգուցե և անձնական կյանքի խոստովանություն և բերել, կցել են մեր գործերին՝ ըստ մեր տեղեկությունների։ Այ սա է ձեր որակը, ես խղճում եմ, մեղք է մեր պետությունը, մեղք է մեր կյանքն ու էսքան ժողովուրդը, որ հանձնվել է ձեզ։ Այդ աստիճանի նենգ եք»,- ասաց Բագրատ սրբազանը։
Ըստ նրա՝ ձայնագրություններում որևէ բան վստահաբար չկա, թեպետ կարող էր անձնական խոստովանություն լինել, սակայն իշխանությունները, իրավապահ համակարգը, բոլոր նրանք, ովքեր մասնակից են այս ամենին, դրա վրայով էլ են անցել։ Շեշտեց՝ նրանց համար պաշտոն, փող, տուն պահելն ավելի թանկ է, քան պատիվ ու կենսագրություն պահելը։
Նշենք, որ նախնական կալանքի ընթացքում Բագրատ և Միքայել սրբազաններին տեղավորել էին նույն խցում։